Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը | Region

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Օգոստոս 26,2025 18:08

 

Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու գործով 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է մոտ 20 տարի առաջ՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ  կնքած գործարքի համար։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն այս ամենն արել է Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը ապօրինի օտարել է շուկայականից ցածր գնով, այնուհետև այդ հողամասերը  «Տոյոտա-Երևան»-ը ձեռք է բերել այս հողամասերը։ Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Սերժ սարգսյանի հետ մեղադրյալի աթոռին են ևս երկու անձ:

Ըստ մեղադրանքի՝ թիվ N զորամասի հրամանատար Ալեքսան Ալեքսանյանը հանդես է եկել որպես ձևական գնորդ, ան օժանդակել է Սերժ Սարգսյանին վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ին օժանդակել է օրինականացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը։

2005-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ըստ գործի նյութերի, հրամանատարին առաջարկել է օգուտ ստանալու նպատակով հանդես գալ որպես ձևական գնորդ, մասնակցել «Եռաբլուր» պանթեոնին կից տարածքների վաճառքին, այն գրանցել իր անվամբ, հետո այն վաճառել «Տոյոտա-Երևան»-ին, ստանալ առուվաճառքից գոյացած գումարը։ Ինչպես նշված է մեղադրանքում, Ալեքսան  Ալեքսանյանն վարվել է այնպես, ինչպես նկարագրված է՝:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, նախագահի օգնական Արմեն Գևորգյանի և նրա հոր, ինչպես նաև «Լոկալ Դիվիլոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանի հետ փոխկապակցված «Տոյոտա- Երևան» ընկերությանը նյութական օգուտ տալու համար խախտել է օրենքը և պետությանը պատկանող հողամասերը շուկայականից ցածր գնով վաճառել մասնավորին:

Մյուս մեղադրյալը 2003-2009 թվականներին Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերի Գրիգորյանն է: Ըստ մեղադրանքի՝ նա պաշտոնատար անձին օժանդակել է վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն․Գրիգորյանը Սերժ Սարգսյանին խնդրել է աջակցել բնակարանի նորոգման համար: Սարգսյանը նրան առաջարկել է ձևականորեն գնել «Եռաբլուր»-ի մոտ գտնվող ավելի քան 1 հեկտար հողատարածքը, հետո թանկ վաճառել: Սերժ Սարգսյանը Վալերի Գրիգորյանին խոստացել է այդ հողամասը վաճառել շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով:

 

Նորություններ