Գյուղաջակցության ձախողված պատմություն․ Ինչո՞ւ են Շիրակի ջերմոցները մեկ առ մեկ դադարում գործել | Region

Գյուղաջակցության ձախողված պատմություն․ Ինչո՞ւ են Շիրակի ջերմոցները մեկ առ մեկ դադարում գործել

Օգոստոս 27,2025 17:00

Գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերը, որոնք միտված են նաև Շիրակի մարզում գյուղատնտեսությունը վերափոխելուն, այն ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելուն, ըստ էության, առաջընթաց չեն գրանցում։  Էկոնոմիկայի նախարարությունը 2025 թվականի համար սահմանել  է 12 ծրագիր, որոնց մեծ մասը բավականին խոշոր ներդրումներ են պահանջում։ Պետությունը թեև պարտավորվում է փոխհատուցել գյուղացու ծախսած գումարի մի մասը, որոշ  դեպքերում մինչև 75 տոկոսը, բայց ամբողջ ծախսերը կատարելուց հետո միայն, ինչի հնարավորությունը գյուղացին չունի։ Իսկ պետության առաջարկած օգնության մյուս ձևը՝ վարկերի տոկոսների սուբսիդավորումն է։ Այս դեպքում էլ գյուղացին պետք է վարկունակ լինի, համապատասխան գրավ ունենա, որպեսզի կարողանա բանկից  այդ գումարները ստանալ, ու հետո միայն այն փակել պետության աջակցությամբ, համեմատաբար ցածր տոկոսադրույքով։ Սրանք բավականին մեծ ռիսկեր են, որոնց պատճառով մարզի գյուղացիական տնտեսությունները չեն շտապում  ոլորտի նորարար լուծումները ներդնել  իրենց միջոցների հաշվին։ Առավել  ևս, որ նախկինում  ներդրումներ կատարած շատ տնտեսվարողներ իրենց հիմնած բիզնեսների արդյունքը չեն տեսել  ու ձախողումներ են գրանցել։

Շիրակի մարզի հյուսիսային ու հարավային բնակավայրերում անհատները, հետևելով էկոնոմիկայի նախարարության  պատասխանատուների հորդորներին, ոչ ավանդական, բարձրարժեք մշակաբույսեր են աճեցրել, որ եկամուտ ստանան։ Գարեգին Մուրադյանը Թավշուտ գյուղում միջազգային կազմակերպության՝ Ավստրիական զարգացման գործակալության  միջոցներով է հիմնել  իր հատապտղանոցը, փորձել  ավանդական գյուղատնտեսությունից անցում կատարել ոչ ավանդականին, ելակ ու ազնվամորի  է աճեցնում։ Իսկ Աղին գյուղի բնակիչ Գագիկ Հակոբյանը սեփական միջոցներով, պետության աջակցությամբ ջերմոց է հիմնել, որտեղ մի քանի մշակաբույսեր աճեցնելուց հետո, տեսնելով, որ դրանք շահութաբեր չեն, նախապատվությունը տվել  է մոշի ու ազնվամորու արտադրությանը։ Այստեղից էլ թեև շահույթ չունի, բայց գործունեությունը չի դադարեցնում։

Ոլորտի պաստասխանատուներն ասում են՝ պետական օժանդակության ջերմատնային ծրագրի շրջանակներում գյուղացուն ուսուցանվել են միայն փակ գրունտում բույսի մշակության տեխնոլոգիաները, իսկ թե ջերմոցում նա ինչ է աճեցնելու, դա արդեն իր խնդիրն է։ Այսինքն, գումարը տրամադրելուց հետո էլ պետությունը չի հաշվարկում գյուղացու  ռիսկերը։

Գյուղոլորտի փորձագետ Վարդան Իկիլիկյանի խոսքով, կառավարության և մասնավորի միջոցների վատնում է տեղի ունեցել Շիրակի մարզում, գյուղաջակցության ծրագրերով բացված  անասնագոմերն ու ջերմոցների մի մասը փակվել են։ Պատճառն այն է, որ պետական աջակցության ծրագրերն անգրագետ են կազմվում,  գյուղատնտեսությունն էլ  քանի գնում, Շիրակի մարզում անկում է գրանցում։

 

Նորություններ