«Առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուները վերջնականապես կտրել և արմատախիլ անել»․Փաշինյան

«Մեր ժողովուրդը ընտրությունների միջոցով Սերժ Սարգսյանին էլ է իր տեղը ցույց տվել, Ռոբերտ Քոչարյանին էլ է իր տեղը ցույց տվել, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ է իր տեղը ցույց տվել։ Նրանք մարդիկ են, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից՝ մի անգամ, որ երբեք որևէ ընտրությունում չեն հաղթել։ Նրանք ընդհանրապես ո՞ւմ հետ համեմատվելու լեգիտիմություն ունեն»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ իրեն ամենաշատը մեղադրում են, որ ՀՀ նախկին նախագահները մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն։ Հասկանո՞ւմ եք՝ ես Հայաստանի ժողովրդի առջև պիտի արդարանամ, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի լեզուն դեռ պտտվում է Հայաստանում որևէ բան ասելու։ Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուները վերջնականապես կտրել և արմատախիլ անել։
Ընդ որում, ես կարծում եմ՝ դա պետք է տեղի ունենա քաղաքական ճանապարհով, դա պետք է տեղի ունենա քաղաքակիրթ ճանապարհով»։