Ազգային հավաքականից ստացած յուրաքանչյուր հրավեր մեծ պատիվ է․ Սպերցյան

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
— Քո տրանսֆերի մասին անընդհատ խոսակցություններ են պտտվում, հատկապես ռուսական մամուլում: Ի վերջո, դու մնացիր «Կրասնոդարում» և տպավորիչ արդյունքներ ես ցույց տալիս: Ի՞նչ ես կարծում, դա չի՞ ազդում քո մոտիվացիայի և տրամադրության վրա:
— Այս պահին չեմ ցանկանում խոսել այդ թեմայով: Կենտրոնացած եմ վաղվա խաղի վրա: Ինչ վերաբերում է մոտիվացիային, ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ, և մոտիվացիան միշտ առկա է:
— Էդուարդ, ուրախ ենք քեզ տեսնել հավաքականում։ Ընտրանին ունի նոր գլխավոր մարզիչ, և տեսանյութերից երևում է, որ թիմում լավ մթնոլորտ է տիրում: Ինչպե՞ս եք աշխատում միմյանց հետ առաջին օրերին, և ինչպիսի՞ տրամադրությամբ եք մոտենում այս կարևոր խաղին:
— Թիմում հրաշալի մթնոլորտ է: Մենք ծանոթ էինք մարզչին, գիտեինք, որ ժամանակին խաղացել է ազգային հավաքականում, նա շատ ամբիցիոզ և պահանջկոտ է, առաջնորդ: Թեև նրա հետ քիչ ժամանակ ենք անցկացրել, վերջին հինգ օրերին մենք առավելագույն ջանքեր ենք գործադրել՝ առաջիկա խաղերին լավագույնս պատրաստվելու համար:
— Նախկինում էլ լավ վիճակագրություն եք ունեցել, բայց ընթացիկ մրցաշրջանում աննախադեպ թվեր են։ Արդյո՞ք Ձեր կարիերայի լավագույն մարզավիճակում եք։
— Ֆիզիկապես և հոգեպես շատ լավ մարզավիճակում եմ գտնվում, և տա Աստված, որ կարողանամ օգնել նաև իմ հավաքականին։
— Երբ «Կրասնոդարից» գալիս եք ազգային հավաքական, մթնոլորտի տարբերություն զգո՞ւմ եք, թե՞ հավաքականի մակարդակն ուրիշ է։
— Ճիշտն ասած՝ լիովին չհասկացա հարցը, բայց ինձ համար ազգային հավաքականից յուրաքանչյուր հրավեր մեծ պատիվ է։ Երբ գալիս եմ Հայաստան, իհարկե, լրիվ այլ զգացողություններ են։
— Ովքե՞ր են այս մրցափուլում ֆավորիտ և ինչը կարող է մեզ միավորել՝ դարձնելով այն մեր հաղթաթուղթը։
— Ամեն ինչ չեմ կարող բացահայտել։ Գիտենք, որ Պորտուգալիան աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է, սակայն սա ֆուտբոլ է և մենք պետք է ցույց տանք մեր բնավորությունը։