Այս մրցափուլում կոնկրետ նպատակներ դրված չեն, եկել եմ խնդիրները լուծելու․ Եղիշե Մելիքյան

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
— Պարոն Մելիքյան, ի՞նչ եք սպասում վաղվա հանդիպումից: Անկասկած, դա էմոցիոնալ խաղ է լինելու, հաշվի առնելով նաև Դիոգու Ժոտայի հետ կապված իրադարձությունները: Ինչպիսի՞ խաղ եք ակնկալում:
— Բարև Ձեզ: Կարծում եմ՝ ոչ ոքի չեմ զարմացնի, եթե ասեմ, որ մեզ համար շատ բարդ խաղ է սպասվում։ Մենք գործ ունենք լուրջ մրցակցի՝ Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ։ Մենք լիովին գիտակցում ենք նրանց ուժը, բայց ունենք մեր խաղային պլանը։ Պորտուգալիայի հավաքականը, իհարկե, ունի թույլ կողմեր, թեև դրանք քիչ են։ Մենք կփորձենք օգտագործել այդ թույլ կողմերը և հնարավորինս չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը։ Դաշտում կաշխատենք լուծել մեր առջև դրված խնդիրները։
— Մրցակցի մարզիչը նշել է, որ մանրակրկիտ ուսումնասիրել է Ձեզ, մասնավորապես՝ «Փյունիկի» վերջին մի քանի տարվա ելույթները և Ձեր աշխատանքը: Արդյո՞ք անակնկալներ եք պատրաստել մրցակցի համար: Քանի՞ խաղային պլան ունեք՝ A, B, C, և արդյո՞ք պատժելու մարտավարությունը ներառված է դրանց մեջ:
— Ես միշտ ունենում եմ խաղային պլան, բայց արդյոք այն կաշխատի, դա ցույց կտա խաղը: Անակնկալներ, հուսով եմ, կլինեն: Մենք վերլուծել ենք մրցակցին և, կրկնում եմ, նրանք ունեն թույլ կողմեր: Վաղը կտեսնենք, թե ինչպես կդասավորվի խաղը: Սակայն չեմ կարծում, որ կարող է լինել այնպիսի պլան, որն անակնկալ կլինի մրցակցի համար, քանի որ նրանք նույնպես պատրաստված են: Նախկինում ես հավաքականին տեսել եմ դրսից, իսկ հիմա՝ ներսից: Թիմի հետ աշխատելուց հետո՝ թե՛ անհատական, թե՛ թիմային առումով, ավելի վստահ եմ: Հավատում եմ այս տղաներին, և նրանց հետ կարելի է մեծ ճանապարհ անցնել: Համոզված եմ, որ կտեսնենք փոփոխություն թե՛ խաղի, և թե՛ նվիրվածության մեջ։
— Հարցս հետևյալն է, բավականին էմոցիոնալ, ամբիցիոզ մարզիչ եք, բայց ուզում եմ հարցս տալ թիմի ավագի վերաբերյալ, դուք ունե՞ք որոշում, թե ով է լինելու թիմի ավագն այս մրցափուլում Վարազդատ Հարոյանի հեռանալուց հետո։
— Դա բավական բարդ հարց է: Վաղը խաղադաշտում ցույց կտամ և կհայտարարեմ, թե ով կլինի ավագը: Այժմ աշխատում եմ այդ ուղղությամբ, կան մի քանի արժանի թեկնածուներ: Պետք է ևս խոսեմ նրանց հետ, և դրանից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Թևկապը չի նշանակում, որ կրողը միակ առաջնորդն է: Մենք առանց թևկապի էլ ունենք մի քանի առաջատար խաղացողներ: Այո, ես էմոցիոնալ մասնագետ եմ, բայց երբեք որոշումներս էմոցիոնալ ֆոնին չեմ անում։
— Ձեզ նախորդող մարզիչներն ունեին ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների հետ կարգապահության հետ կապված։ Դուք այդ խնդրի լուծումն արդեն ունե՞ք։
— Իմ ներկայիս խնդիրը վաղվա խաղն է Պորտուգալիայի դեմ, քանի որ գիտեմ, որ նրանք լուրջ մրցակից են: Թիմի ներսում որևէ խնդիր չունեմ և երբեք չեմ ունեցել՝ ոչ մի ակումբում, և վստահ եմ, որ հավաքականում էլ չեմ ունենա:
— Խոսենք հավաքականի երկու նորեկների՝ Նարեկ Աղասարյանի և Կարեն Նալբանդյանի մասին: Դուք, որպես «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, նկատել եք նրանց առաջընթացը որպես ֆուտբոլիստներ: Ինչպե՞ս եք գնահատում տղաներին:
— Ես մտածում եմ սերնդափոխության մասին և աստիճանաբար գնում եմ այդ ճանապարհով: Իհարկե, չեմ ցանկանում կտրուկ քայլեր անել, կան հարցեր, որոնց լուծումները կգտնեմ ժամանակի ընթացքում: Նարեկին և Կարենին հրավիրել եմ ոչ միայն այս երկու խաղերի համար, այլև նրանց հավաքականի մթնոլորտին ընտելացնելու նպատակով: Ես նրանց տեսնում եմ ապագայում մեր թիմի կազմում: Այս պահին դեռ չեմ կարող վստահ ասել, թե արդյոք կարող եմ նրանց լիովին վստահել, բայց վստահ եմ, որ ապագայում նրանք կդառնան հավաքականի կարևոր մաս:
— Ստյոպա Մկրտչյանը պատրա՞ստ է վաղվա խաղին։
— Ոչ։ Վնասվածք ունի և չի մասնակցելու առաջիկա երկու խաղերին։ Դա մեծ կորուստ է, բայց ունենք այն՝ ինչ ունենք։
— Ազգային հավաքականում կենտրոնական պաշտպանի դիրքում խաղում են ամենաերիտասարդ ֆուտբոլիստները: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին, և ի՞նչ հույսեր եք կապում մեր պաշտպանների հետ:
— Համոզված եմ, որ ապագայում մենք կունենանք հուսալի պաշտպանություն: Ներկայիս կենտրոնական պաշտպանները գտնվում են այն տարիքում, երբ կարող են զգալի առաջընթաց գրանցել: Թե որքանով նրանք կարող են օգնել մեզ այսօր, դա որոշակի ռիսկ է պարունակում: Սակայն ես չեմ վախենում նման երիտասարդ տղաների հետ առաջ գնալ, քանի որ գիտեմ՝ եթե վաղը չհաղթենք, ապագայում անպայման կհաղթենք: Առանց նման փորձությունների մենք չենք կարող կերտել ապագայի ամուր պաշտպանություն:
— Ձեր նորամուտը որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ տեղի է ունենում բարդ մրցակցի դեմ խաղով: Ի՞նչ եք զգում, ի՞նչ պատասխանատվություն եք կրում, ինչի՞ն է ձգտում թիմը այս մրցափուլում, և ի՞նչ առաջադրանք է Ձեզ տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ):
— Ես ավելի վստահ եմ զգում, քանի որ տեսնում եմ լուրջ մոտեցում ունեցող խաղացողներ, կարգապահություն, ընդունակություն և թիմային ոգի: Չգիտեմ, թե նախկինում ինչպես է եղել, քանի որ ներսում չեմ եղել, բայց իմ ղեկավարությամբ տեսնում եմ միայն դրական մթնոլորտ և հավատում եմ թիմին: Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի առաջադրանքներին, այս մրցափուլում կոնկրետ նպատակներ դրված չեն: Իմ առջև խնդիր է դրված լուծել առկա խնդիրները, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայն խոսել: Ես եկել եմ առաջին հերթին խնդիրները լուծելու, ապա՝ արդյունքի հասնելու համար:
— Պորտուգալիայի դեմ խաղում կարևոր է դարպասապահի ընտրությունը: Ընտրություն կատարելիս շեշտը դնելու եք փորձի՞, թե՞ վերջին խաղերում ցուցադրած արդյունքների վրա:
— Չանչարևիչը վնասվածք ունի, և նրա խաղալը մեծ ռիսկ է պարունակում: Չեմ հայտարարի, թե ով է խաղալու: Մենք պետք է վերջնական որոշում կայացնենք:
— Դուք, թեև շատ հակիրճ խոսել էիք Ձեր և ֆեդերացիայի հարաբերություններից, այդուհանդերձ, ինչպես ստացաք առաջարկը և ձեր միջև տևական ժամանակ եղած տարաձայնություններն արդյո՞ք այլևս անցյալում են։ Եթե ոչ, ապա դուք ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը։
— Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես արդեն հինգ տարի աշխատում եմ Հայաստանում և երբեք չեմ խուսափել որևէ հարցից: Միշտ պատասխանել եմ բոլոր հարցերին, բայց այսօր չեմ ցանկանում այդ թեմայով խոսել: Այս երկու խաղերից հետո անպայման առիթ կստեղծենք, կհրավիրենք Ձեզ, և կարող եք հարցնել ցանկացած բան: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Այսօր մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Խաղերից առաջ խոսենք խաղերի մասին, իսկ խաղերից հետո՝ ցանկացած այլ թեմայով: Պարզապես կասեմ՝ ամեն ինչ կարգին է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, խանգարող հանգամանքներ չկան: Բոլորը ցանկանում են օգնել ինձ և իմ թիմին, ինչը շատ կարևոր է: