Կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն բուլինգը կանխելու, բացահայտելու, բուլինգից տուժած երեխաներին պաշտպանելու համար․օրինագիծը քննարկվում է ԱԺ-ում | Region

Կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն բուլինգը կանխելու, բացահայտելու, բուլինգից տուժած երեխաներին պաշտպանելու համար․օրինագիծը քննարկվում է ԱԺ-ում

Սեպտեմբեր 08,2025 15:51

Ազգային ժողովում «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակԱշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց օրինագծի հիմնական դրույթները։

Նրա խոսքով՝ օրինագծում սահմանվել է երեխաների նկատմամբ բուլինգի հասկացությունը, ինչպես նաև սահմանվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները՝ նրանք պետք է պատասխան և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն բուլինգը կանխելու, բացահայտելու, նաև բուլիգինց տուժած կամ բուլինգի սպառնալիքի տակ գտնվող երեխաներին պաշտպանելու համար։

Օրինագծով նախատեսվում է արգելել երեխայի հայրության ճանաչումը նրա ոչ կենսաբանական ծնողի կողմից։

Բացի այս, օրինագծից հանվել է երեխայի կարծիքը հաշվի առնելու տարիքային սահմանափակումը։ Գործող օրենսդրության համաձայն, ինչպես ասաց Ստեփանյանը,  պետք է հաշվի առնել 10 տարեկան դարձած երեխայի կարծիքը․« Սակայն անհասկանալի է, թե ինչու 9 տարեկան երեխան չի կարող արտահայտել իր կարծիքը իրեն վերաբերող որոշումներ կայացնելիս»։

Ըստ այդմ՝ օրինագիծը սահմանում է երեխայի՝ազատորեն իր կարծիքն արտահայտելու իրավունքը՝  համաձայն իր տարիքի և հասունության մակարդակի, նրա կարծիքը հաշվի կառնվի իրեն վերաբերող հարցերի քննարկման, ինչպես նաև որոշումների կայացման ժամանակ։ նախատեսվում է, որ երեխայի կարծիքը լսելիս լիազոր մարմինը մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի կընդգրկի։

Նախարարը վստահեցրեց՝ երեխայի՝ լսված լինելու իրավունքը ապահովելու ժամանակ նրա կարծիքը չի կարող օգտագործվել կամ մեկնաբանվել՝ ի վնաս նրա լավագույն շահերի։

Օրինագծում երեխայի որդեգրման գործընթացում էլ փոփոխություն է նախատեսվում՝ որդեգրման գործընթացում այլևս պարտադիր չի լինի երեխայի մասնակցությունը։

Նորություններ