«Ո՞րն է պատճառը, որ նույն պրոցեսը չկա Ադրբեջանում պահվող հայերի հարցում, հատկապես որ, Ադրբեջանի ու ԱՄՆ նախագահները ջերմ շփումների մեջ են»․Աբրահամյան | Region

«Ո՞րն է պատճառը, որ նույն պրոցեսը չկա Ադրբեջանում պահվող հայերի հարցում, հատկապես որ, Ադրբեջանի ու ԱՄՆ նախագահները ջերմ շփումների մեջ են»․Աբրահամյան

Սեպտեմբեր 09,2025 18:22

«Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը գերեվարված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ՝ կեղծ դատավարությամբ Հայաստանի թիրախավորումը կանխելու, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության, մեր հայրենակիցների հայրենադարձումը կազմակերպելու համար»,-այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով․ որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվում գրասենյակի փակումը գերիների, քաղաքական պատանդների և անհետ կորածների դեպքում նոր իրավիճակ է ստեղծել։

Նա ասաց, որ չնայած Ադրբեջանը ընդամենը 23 հայերի գերեվարությունն է պաշտոնապես հաստատել, սակայն նրանց թիվն իրականում, ըստ տարբեր նյութերի հիմնավորման, մոտ 8 տասնյակի է հասնում։

Աբրահամյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը պաթետիկ խոսքերից, երբեմն էլ ֆորմալ ու ոչինչ չասող տեքստերից բացի, այլ բան չի անում։

Նա նկատեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակող փաստաթղթում գերիների, ռազմագերիների վերադարձի վերաբերյալ դրույթներ կային, իսկ ահա պատմական հռչակված վաշինգտոնյան պայմանավորվածություններում այս մասին ոչինչ չկա․ «Որոշակի հակասական տեղեկատվություն առկա էր ԱՄՆ նախագահի անձնական նախաձեռնությամբ հայերի ճակատագրի ճշգրտման մասով, սակայն դա էլ ընթացք չստացավ: Նման հումանիտար հարցերով ԱՄՆ նախագահը մի քանի անգամ դիմել է օրինակ Բելառուսի ղեկավարին՝ կոնկրետ անձանց բանտերից ազատ արձակման մասով, ինչի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ հայտնվել են ազատության մեջ: Ո՞րն է պատճառը, որ նույն պրոցեսը չկա Ադրբեջանում պահվող հայերի հարցում,  հատկապես որ, նվազագույնը երևացող մակարդակում Ադրբեջանի ու ԱՄՆ նախագահները ջերմ շփումների մեջ են: Արդյո՞ք չի ստացվում, որ Հայաստանի իշխանությունը շահագրգռվածություն չի դրսևորում, այս հարցը օրակարգային չի համարում, թույլ է տալիս, որ Ադրբեջանն այն որպես քաղաքական խաղաքարտ կիրառի ու Հայաստանից այս կամ այն զիջումը կորզի: Այո ՛, հենց այդպես էլ ստացվում է»։

Նորություններ