Լեհաստանը խոցել է ռուսական ԱԹՍ-ները, սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կրակ է բացել Ուկրաինայի դեմ պատերազմում․ Reuters

Լեհաստանը չորեքշաբթի օրը խոցել է իր օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքեր, ինչը առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կրակ է բացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Լեհաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ օդային հարձակման ժամանակ իր օդային տարածքը է ներխուժել 19 օբյեկտ, և որ ինքը խոցել է սպառնալիք ներկայացնող ԱԹՍ-ները։
Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ակտիվացրել է ՆԱՏՕ-ի պայմանագրի չորրորդ հոդվածը, որի համաձայն դաշինքի անդամները կարող են խորհրդակցություններ պահանջել իրենց դաշնակիցների հետ։
«Մենք գործ ունենք լայնածավալ սադրանքի հետ։ Մենք պատրաստ ենք հետ մղել նման սադրանքները։ Իրավիճակը լուրջ է, և ոչ ոք չի կասկածում, որ մենք պետք է պատրաստվենք տարբեր սցենարների»,-ասել է Տուսկը։
«Այն փաստը, որ այս անօդաչու թռչող սարքերը, որոնք անվտանգության սպառնալիք էին ներկայացնում, խփվել են, փոխում է քաղաքական իրավիճակը», – ասել է Տուսկը։
Ռուսաստանի «ՌԻԱ» պետական լրատվական գործակալությունը մեջբերել է ռուս դիվանագետի, որը ներխուժման մասին մեղադրանքները անվանել է «անհիմն» և ասել, որ Լեհաստանը որևէ ապացույց չի ներկայացրել, որ խփված անօդաչու թռչող սարքերը ռուսական ծագում ունեն։
Մի քանի եվրոպացի պաշտոնյաներ ներխուժումը որակել են որպես միտումնավոր և ռուսական սրման նշան։
«Երեկ երեկոյան Լեհաստանում մենք տեսանք Ռուսաստանի կողմից Եվրոպայի օդային տարածքի ամենալուրջ խախտումը պատերազմի սկսվելուց ի վեր, և ցուցումները ցույց են տալիս, որ դա միտումնավոր էր, այլ ոչ թե պատահական», – X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
Լեհաստանին սահմանակից Բելառուսի իշխանությունները պնդում են, որ Լեհաստանին նախապես տեղեկացրել էին սահմանը հատած ԱԹՍ-երի մասին։ Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն ասել է, որ ԱԹՍ-երը ներգրավված էին Ուկրաինայի տարածքում ընթացող ռազմական գործողություններում, սակայն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գործողությունների ընթացքում անկառավարելի էին դարձել ու հայտնվել են հարևան պետությունների տարածքում։
Նա ասել է, որ «մոլորված» ԱԹՍ-երի մի մասը ոչնչացրել են բելաուսական ՀՕՊ ուժերը Բելառուսի օդային տարածքում․«Սեպտեմբերի 9-ի 23։00-ից մինչև սեպտեմբերի 10-ի 4։00 մեր հերթապահ ուժերը տեղեկատվություն էին փոխանակում Լեհաստանի և Լիտվայի ՀՕՊ ուժերի հետ։ Տեղեկացնելով նրանց անհայտ թռչող օբյեկտների մոտենալու մասին՝ մենք հնարավորություն տվեցինք լեհական կողմին օպերատիվորեն արձագանքել և օդ բարձրացնել իրենց հերթապահ ուժերը»։