Շատ կարճ ժամանակահատվածում ունենալու ենք հայ-ադրբեջանական միասնական շուկա․ մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ ու հակառակը․Ալեն Սիմոնյան

«Շատ կարճ ժամանակահատվածում հայերը և ադրբեջանցիները առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք միասնական շուկա՝ հայ-ադրբեջանական ապրանքների, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած քաղաքների խանութներում: Դա անխուսափելի է: Ինչքան էլ ուզում եք կենացներ խմեք, ասել ասող՝ թռեք օդ, իջեք ներքև, հայերը գնալու են բենզինը ավելի էժան առնեն, գան, որովհետև տենց ձեռնտու ա: Հիմա էդ դոշ ծեծելը, «քշի Թուրքիա, նոր եմ իմացել էս ամեն ինչի մասին» խոսույթը վերանալու ա: Թող մերվեն մեր բոլոր քաղաքացիները»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Սյունիքով անցնող ճանապարհի ապաշրջափակմանը։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ ճանապարհով անցնող ադրբեջանցիները «հայ սահմանապահի երես չպիտի հանդիպեն», սրան ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ այօր կան սքաներներ, որոնք սքան են անում մեքենաները․«Տարբեր ձևեր կան և ադրբեջանական բեռները այդ սքաներները կարող են ստուգել, ոչ թե հայ սահմանապահները»։
ԱԺ խոսնակը նաև հավելեց․«Նենց չի, որ հայերի մեծամասնությունն էլ ուզում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել, ու դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու․ հայերն ու ադրբեջանցիները Մոսկվայում իրար հետ բիզնես, ընկերություն են անում, իրար ծնունդների են գնում և իրար երես տեսնում։ Նույնը Վրաստանում և այլ երկրներում։ Մենք հարևաններ ենք, և դա կանցնի։ Այո, այդ լարվածությունը կա, վերքերը թարմ են՝ թե մեր, թե իրենց վերքերը»։
Իրե՞նց վերքերն ինչու են թարմ, լրագրողի այս հարցին էլ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․«Բա մենք մարդ չե՞նք սպանել։ Խոսքը դեմ առ դեմ շփվելու մասին է։ 5-10 տարի հետո դրա կարիքը չի լինելու։ Հետո լավ էլ իրար երես են տեսնելու, իրար հետ առևտուր են անելու»։
Արդյոք Հայաստանի համար սկզբունքային է նվազագույնի հասցնել շփումը ադրբեջանցի սահմանապահի հետ, այս հարցին ի պատասխան էլ Սիմոնկանն ասաց, որ ՀՀ-ի համար առաջնային և կարևոր է, որ հաղորդակցությունները հնարավորինս արագ բացվեն․«Մենք վստահ ենք, որ այդ խնդիրն այդքան արագ ու սուր կանգնած չէ և կարճ ժամանակահատվածում կլուծվի»։