Սեյրան Օհանյան․Իշխանության գալուց հետո պետք է վերաբանակցություններ լինեն խաղաղության համաձայնագրի շուրջ | Region

Սեյրան Օհանյան․Իշխանության գալուց հետո պետք է վերաբանակցություններ լինեն խաղաղության համաձայնագրի շուրջ

Սեպտեմբեր 15,2025 13:59

Խաղաղության գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ամբողջությամբ չեն արտահայտում ՀՀ-ի շահերը, իրենց մեջ բավականին խնդիրներ են պարունակում։  Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա ներկայացմամբ՝ խնդիրը միայն այն չէ, որ այդ փասաթղթերում չի նշվում  ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին, գերիների վերադարձը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը լուրջ սպառնալիք է նաև միջազգային երաշխիքների ձևավորման և Արցախի ժողովրդի վերադարձի առումով։

Օհանյանի խոսքով՝ ՀՀ-ի կողմից բանակցողները գտնվում են պարտադրանքի և ճնշումների ներքո և չեն կարողանում լիարժեք նրկայացնեն ՀՀ շահերը, ուստի պետք է բանակցողների փոփոխություն կատարվի:

Հարցին՝ եթե իրենք իշխանության գան, սեղանին եղած փաստաթղթի հետ ինչպե՞ս են վարվելու, ընտրություններին խաղաղությա՞ն,  թե՞ ռեւանշիզմի օրակարգով են մասնակցելու, Օհանյանը պատասխանեց՝ ընտրություններին դեռ երկար ժամանակ կա․«Մեր ուժը դեռ ժամանակ ունի հետևություն անելու և ծրագիր կազմելու։ Այդ մասին այսօր չեմ խոսի»։

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա Օհանյանն ասաց՝ չկա որևէ ուժ որ չձգտի խաղաղության․«Չկա առավել շատ խաղաղություն ցանկացող մարդիկ, ովքեր պատերազմում առաջինն են տուժելու՝ զինվորականները։ Բայց խաղաղությունը պետք է լինի ռեալ, ոչ այնպես, ինչպես այսօրվա իշխանություններն են խոսում»։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, որ խաղաղությունը անվտանգության երաշխիք չէ․«Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։ Խաղաղությունը ազգային անվատնգության ռազմավարության  հիմնարար արժեք է՝ երաշխիքների գործադրմամբ ձևավորված արդյունք։ Իսկ այդ երաշխիքները լինում են ազգային և միջազգային։ Ազգային երաշխիքները բանակն ու ներքին ամրությունն է, միջազգայինը՝ արտաքին քաղաքականությունը՝ երկկողմ բանակցությունների եւ բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքների շրջանակում»։

Նրա խոսքով՝ ցանկացած նոր ուժ, որը կարող է գալ իշխանության, առաջին խնդիրներից մեկը «ռեալ ազգային երաշխիքի ձևավորումն է և մյուս քայլերից մեկը՝ վերաբանակցություններ են՝ մեր շահերից բխող՝ կետ ա կետ անցնելն ու եզրակացություն անելը»։

Հստակեցնող հարցին՝ վերաբանակցելու են նոյեմբե՞րի 9-ի, թե՞ օգոստոսի 8-ի համաձայնագիրը, Օհանյանը պատասխանեց, որ փաստաթղթերի մանրամասներին տիրապետելուց եւ համեմատականներից հետո հասկանալի կլինի։

 

 

Նորություններ