«Սրբազանի դատին գնալուց հետո, ասացի՝ քեզ անպայման կկալանավորեն»․Վարդան Ղուկասյանը և որդին հակակոռուպցիոն դատարանում են

Երբ որդիս գնաց Միքայել Սրբազանի դատին, ես իրեն ասացի՝ քեզ անպայման կկալանավորեն կամ մի բան կանեն գլխիդ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործին, ասաց․«Երբ որդիս գնաց Միքայել Սրբազանի դատին, ես իրեն ասացի՝ քեզ անպայման կկալանավորեն կամ մի բան կանեն գլխիդ»։
Վարդան Ղուկասյանը քրգործի մասին էլ ասաց․«1-1,5 տարի հետո, ինչ–որ շիբին, որ տանում թափում են փողոցներում, 90 հազար է կազմում, դա քաղաքապետարանի վրա նստած չէ, արժեք չի ներկայացնում… նմանատիպ բաներ են, ծիծաղի առարկա են։ Մի բան գիտեմ, որ յուրաքանչյուր դատավոր, եթե իրենց հանձնարարական են տալիս, իրենք պետք է ասեն՝ ախր սա անելու բան չի, ո՞նց անենք, կփոխվի էս ամեն ինչը, բա դրանից հետո մենք ի՞նչ պատասխան պետք է տանք»։
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, Վարդան Ղուկասյանն ասաց, որ իրեն դատարան են հասցրել, միայն այն բանի համար, որ նա «մարդկանց հողատարածքներ է տվել, որ մարդիկ բնակարաններ, կենցաղսպասարկման օբյեկտներ կառուցեն»։
«Երկրաշարժ տեսած քաղաքապետը եթե նման գործելաոճ չի որդեգրում, ուրեմն պետք է վռնդել քաղաքապետարանից։ Քաղաքի հատակագիծը փոփոխական է։ Եթե դրա մասին եք ասում, ապա կասեմ, որ ես մեղավոր եմ, որ մարդկանց թողել եմ բնակարաններ կառուցել 90 տոկոս փլված քաղաքում։ Ես զարմանում եմ, որ դրանում կարելի է քաղաքապետին մեղադրել»,-ասաց Ղուկասյանը։
Արդյոք հրաժարական կտա ճնշումների ներքո, Ղուկասյանը պատասխանեց. «Ես վախեցողներից չեմ։ Ինչ ուզում է՝ անեն, ոնց ուզում է՝ անեն, ամեն տեղ էլ տղամարդու տեղ է։ Գնում ենք առաջ, իմ հայրենիքի համար ամեն ինչի էլ պատրաստ եմ»։
Նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանն էլ լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք չի՞ վախենում ճնշումներից ու արդյոք էլի կմասնակից սրբազանի դատին, ասաց, որ «վախենալու բան չունեն», Միքայել Սրբազանի դատին էլ կշարունակի ներկա գտնվել։
Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի տակ է գտնվում։ Ըստ իրավապահների՝ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։