Երկար հայհոյանքներ է գրել, դրանք միայն ես եմ կարդացել․Սուրեն Թովմասյանը հերքում է, թե ինքը կամ իր ծանոթները կապ ունեն նախկին աշխատակցի ամուսնու ծեծի հետ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հերքում է, թե ինքը որևէ առնչություն ունի կոմիտեի նախկին աշխատակցի ծեծի հետ։
Վերջերս Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանը պնդել է, որ ամուսնուն առևանգել են, տարել Լուսակերտում մի ամայի տարածք ու դաժանաբար ծեծել։ Նա պնդում է, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի պատվերով են ամուսնուն ծեծի ենթարկել։
«Ծեծի ընթացքում ասում էին՝ Սուրոյի՞ն էիր ասում, դե կեր, դե տես»,-պատմել է կինը։
Վերոնիակ Միքայելյանը սեպտեմբերի 9-ին աշխատանքից ազատվել է ծառայողական քննությունից հետո։ Ամուսինը վրդովվել է, որ կնոջն աշխատանքից ազատել են, զանգել է Սուրեն Թովմասյանին, վերջինս չի պատասխանել զանգերին, տղամարդը հայհոյանքներով հաղորդագրություններ է ուղարկել։
«Դրա համար մարդուն էդ օրն են բա՞ գցում, էդպես ծեծո՞ւմ»,-ասում է կինը։
Այսօր Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց, թե ինքը որևէ կապ ունի այդ միջադեպի հետ։ Նա սակայն, հաստատեց, որ հայոհայնքներով հաղորդագրություններ են իրեն ուղարկել․«Մի 15 հատ երկար հայհոյանքներ է գրել»։
Հիշեցմանը՝ որ կինը պնդում է, թե ծեծելու ընթացքում մի քանի անգամ ասել են՝«սա Սուրոյի համար, սա․․․», Թովմասյանը պատասխանեց․«Որևէ մեկի ասածը պետք է պարզեն իրավապահները։ Այդ նույն կնոջ հայտարարություններում ես լսել եմ բազմաթիվ հակասական մտքեր։ Քննչական մարմինը կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ ոչ»։
Սուրեն Թովմասյանն ասաց, որ իրեն դեռևս չեն հրավիրվել քննչական կոմիտե։
Հարցին՝ արդյոք կոմիտասցի Խչոյին ճանաչո՞ւմ եք, գլխավոր քարտուղարի եղբայրն է, Թովմասյանը պատասխանեց․«Գլխավոր քարտուղարի եղբայր Խաչատուրին ճանաչում եմ, որքան գիտեմ Կոմիտասից չէ»։
Ծեծի մասնակից-կազմակերպիչներից մեկն, ըստ կնոջ, կոմիտասցի Խչոն է։
Թե ինչ հարաբերություններ ունի գլխավոր քարտուղարի եղբայր Խաչատուրի հետ, Թովմասյանն ասաց՝ այնքանով, որքանով որ գլխավոր քարտուղարի եղբայրն է։
Եթե խնդիր լիներ, կդիմեի՞ք նրան, այս հարցին ի պատասխան էլ Թովմասյանն ասաց․«Նմանատի՞պ խնդիրներով, բացառվում է, որովհետև ինքն էլ նմանատիպ խնդիրների հետ կապ չունի»։
Հնարավո՞ր ձեր ընկերները, գործընկերները սեփական նախաձեռնությամբ որոշել ձեր թասիբը պահել ու բռնություն գործադրել, լրագրողների այս հարցին ի պատասխան էլ Թովմասյանն ասաց․«Չեմ կարծում, որովհետև այդ հայհոյանքները լսել եմ միայն ես ու միայն մի մասը»։