Փաշինյանն անդրադառնում է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի» նախագծին

«Կիկոսի մահի նոր հատորներ են գրվում: Մենք չենք պատրաստվում որևէ բան վերահսկել։ Հայաստանը ինչպես եղել է, կա, կշարունակի մնալ ժողովրդավարական պետություն, և ժողովրդավարական պետության մեջ բոլորն իրենց մտքերը, կարծիքները արտահայտելու հնարավորություն ունեն ու կունենաան, և նույնիսկ ազատ են ՀՀ քաղաքացիները նայել հյուսիս, հարավ, արևելք կամ արևմուտք և տեսնել այն, ինչ իրենք ուզում են տեսենել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի» պահանջներն ինչպես են վերահսկելու, ինչպե՞ս են որոշելու տվյալ միտքը պատերազմի քարոզ է, թե՝ ոչ, նախագիծը շատերը համարում են գրաքննություն, օրինակ Հրաչյա Ներսիսյանի մասնակցությամբ ֆիլմի հայտնի կադրը՝ Արարատին կարոտով նայելը, կարո՞ղ է համարվել թույլատրելիից դուրս։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի» մասին նախագիծը, որտեղ նշվում է, որ «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»։ Այս նախագիծը վերջին օրերին խիստ քննադատության արժանացավ։
Նիկոլ Փաշինյանը շարունակելով, ասաց՝ խոսքը պետության քաղաքականության մասին է․«Կառավարությունը վարելու է իր քաղաքականությունը։ Այդ քաղաքականությունն ունի շատ կարևոր կենսական նշանակություն, որովհետև մենք ուզում ենք որպեսզի այսօր ՀՀ-ում ապրող մարդկանց մշակույթը ձևակերպվի, մշակվի և դառնա մեր մշակութային կյանքի մի մաս։ Մենք մեզ հարց ենք տալիս, արդյոք Հայաստանում ապրող մարդիկ իրենք ստեղծո՞ւմ են այնպիսի մշակույթ, որը կապված է իրենց առօրյայի հետ։ Եթե ստեղծում են, արդյոք այդ մշակույթի մեջ կան արժանահիշատակ, արժեքավոր հատվածներ և նմուշներ՝ սկսած երգերից և պարերից, սովորույթներից, շարունակած մեր խոհանոցից։ Այսօր Բանահյուսություն ստեղծվում է, թե՞ ոչ»։
Ըստ Փաշինյանի՝ իր նշածները պետության կողմից փաստագրման, կանոնակարգման կարիք ունեն։ Ասաց, որ տարիներ առաջ հանձնարարություն է տվել, որպեսզի հետազոտություն արվի Հայաստանում՝ այն ճաշատեսակները, որոնք կատալոգներում ներառված չեն, հայտնաբերվեն, դրանց բաղադրատոմսերը մշակվեն և դառնան մշակութային ժառանգություն․ «Մենք պետք է կարողանանք գնահատել և պահպանել այսօր ստեղծվող արժեքները։ Երեսուն տարի հետո դասական ստեղծագործություններ են լինելու այսօր ստեղծվող նկարները, գրական գործերը և այլն։ Իսկ պետությունն արդյոք պետք է հոգ տանի, որ օրինակ մեր պատկերասրահի ֆոնդերը լրացվեն ժամանակակից նկարիչների գործերով։ Օրինակ՝ մեր երկրում հետազոտություն արվո՞ւմ է, թե մեր երկրում պարի կուլտուրան ինչպես է զարգանում, հարսանիքի կուլտուրան»։