Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի զինուժը հարձակվեց Արցախի վրա․Արցախն ամբողջությամբ հայաթափվեց | Region

Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի զինուժը հարձակվեց Արցախի վրա․Արցախն ամբողջությամբ հայաթափվեց

Սեպտեմբեր 19,2025 11:31

Երկարատև, շուրջ 9 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելով՝ 2023–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Լայանածավալ այս հարձակման հետևանքով Արցախն ամբողջական հայաթափվեց։ Արցախից բռնի տեղահանվեց 120 հազար հայ։

Սեպտեմբերի 21-ի առավոտյան ռուսական միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները Եվլախում հանդիպեցին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Արցախյան կողմի պատվիրակութունը ղեկավարում էր նոր ընտրված պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը։

Երեք ժամ տևած բանակցություններում, ըստ ադրբեջանական կողմի, «քննարկել են  ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»։ Բաքուն պահանջ էր դրել՝ լուծարել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն ու պետական կառույցները,  ինչպես նաև ներկայացրել է հայերի վերաինտեգրման  պլան։

Արցախյան կողմը համաձայն չէր նման պահանջին։

Սեպտեմբերի 28-ին Արցախի 5-րդ  նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակման հետևանքով  զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, որոնցից վեցը՝ անչափահաս, 14 քաղաքացի անհետ կորած է համարվում։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով, սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր:

 

Նորություններ