«4-րդ հանրապետությունը հաստատվել է խաղաղությամբ, Ալմա-աթիի հռչակագրի վերահաստատմամբ, Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցիով, նոր Սահմանադրության օրակարգն է գալիս դա լրացնելու»․Փաշինյան

Ինչո՞վ է 3-րդ հանրապետությունը խանգարում ձեզ, ինչն է պատճառը, որ 3-րդ հանրապետոթյան էջն ուզում եք փակել և հռչակում եք 4-րդ հանրապետություն։ Այս հարցին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․«3-րդ հանրապետությունը մեր հանրապետությունն է, մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, մենք սիրում ենք 3-րդ հանրապետությունը, բայց ինչպես ասացի՝ մենք նոր փուլ ենք թևակոխում, և եթե նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից առաջնայինը կուզեի նշել խաղաղությունը»։
ՔՊ 7-րդ համաժողովում այսօր հայտարարվեց 4-րդ հանրապետության հռչակման մասին։ Համաժողովում վարչության անդամների ընտրության ժամանակ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
4-րդ հանրապետության հռչակման մասին հարցին ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց նախկինում արած իր հայտարարությունը՝ «նոր գինին նոր տիկերի մեջ»։
Փաշինյանի պարզաբանմամբ՝ կուսակցության հռչակագրում արձանագրվում է 4-րդ հանրապետության հաստատումը՝ որպես ռազմավարական անելիք․«Խոսքը գնում է 4-րդ հանրապետության հաստատման քայլերին։ Ինչո՞ւ հաստատման, որովհետև, իմ կարծիքով, 4-րդ հանրապետությունը հաստատված է, այն հաստատվել է խաղաղությամբ, Ալմա-աթիի հռչակագրի վերահաստատմամբ, Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցիով։ Մենք այդ քաղաքական տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մաս, և ըստ էության, նոր Սահմանադրության օրակարգն է գալիս դա լրացնելու»։
Թե որն է նոր գինին, որ պետքէ լինի նոր տիկերի մեջ, Փաշինյանը մանրամասնեց․«Ուզում եմ ընդգծել ԵՄ անդամագրվելուն ուղղված քայլերի ակտիվացումն ու այդ ամենի առանցքում խաղաղութունն է ու նոր քաղաքական բովանդակությունը, որը ձևակերպված է Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ 4-րդ հանրապետությունն արդեն ստեղծված է։ Դա մենք չենք հեղինակել, ժողովուրդն է հեղինակել։ Մենք այս ամենը ձևակերպողներն ենք»։