Իսրայելը սպառնում է՝ եթե ճանաչվի Պաղեստին պետությունը, միակողմանի գործողություններ կձեռնարկի, հնարավոր է՝ ներառյալ Արևմտյան ափի որոշ հատվածների անեքսիան․AP | Region

Իսրայելը սպառնում է՝ եթե ճանաչվի Պաղեստին պետությունը, միակողմանի գործողություններ կձեռնարկի, հնարավոր է՝ ներառյալ Արևմտյան ափի որոշ հատվածների անեքսիան․AP

Սեպտեմբեր 22,2025 20:15

Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան հույս ունեն օգտագործել այս տարվա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաշխարհային առաջնորդների հավաքը և Գազայի հատվածում սարսափելի պատերազմը՝ նոր հրատապություն հաղորդելու Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հիմնախնդրի լուծմանը երկու պետության սլզբունքով։

AP-ն  գրում է, որ այդ ջանքերի թվում են 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմում Իսրայելի կողմից գրավված տարածքներում պաղեստինյան պետության ստեղծման նոր ճանապարհային քարտեզը, ինչպես նաև մի քանի արևմտյան երկրների կողմից նման պետությունը ճանաչելու համաշխարհային մեծամասնությանը միանալու քայլերը, նախքան դրա ստեղծումը։

Կիրակի օրը Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինյան պետությունը՝ միանալով գրեթե 150 երկրների, որոնք արդեն ճանաչել են այն։ Ակնկալվում է, որ Ֆրանսիան կհետևի այդ երկրների օրինակին այս շաբաթվա Գլխավոր ասամբլեայում։

Հոդվածագիրը նշում է՝ սակայն երկու պետությունների ստեղծման ուղղությամբ ջանքերը բախվում են լուրջ խոչընդոտների, սկսած Միացյալ Նահանգների և Իսրայելի բուռն դիմադրությունից։ ԱՄՆ-ն արգելափակել է պաղեստինցի պաշտոնյաների մասնակցությունը Գլխավոր ասամբլեային։ Իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը դեմ է պաղեստինյան պետականությանը, սպառնացել է միակողմանի գործողություններ ձեռնարկել՝ հնարավոր է՝ ներառյալ Արևմտյան ափի որոշ հատվածների անեքսիան։

Ըստ հոդվածագրի՝ սա պաղեստինցիների անկախության երազանքն ավելի կհեռացնի իրականությունից։

Այս լուծման աջակիցները պնդում են, որ սա թույլ կտա Իսրայելին գոյություն ունենալ որպես ժողովրդավարական պետություն՝ հրեական մեծամասնությամբ։ Այլընտրանքը, նրանց կարծիքով, ստատուս քվոն է, որտեղ հրեա իսրայելցիները վայելում են լիարժեք իրավունքներ, մինչդեռ պաղեստինցիները ապրում են Իսրայելի տարբեր աստիճանի վերահսկողության ներքո, ինչը առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները համարում են ապարտհեյդի (Ռասայական պատկանելության հիման վրա տարանջատման կամ խտրականության քաղաքականություն կամ համակարգ։ Ռասայից բացի այլ պատկանելության հիման վրա տարանջատում) համարժեք։

«Թրամփի վարչակազմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել խաղաղության բանակցությունները վերսկսելու հարցում։ Հակառակը, առաջարկել է Գազայի բնակչության մեծ մասին վերաբնակեցմնել այլ երկրներում։ Իսրայելը պատրաստակամորեն ընդունեց այս ծրագիրը, չնայած քննադատները պնդում են, որ դա կհամարվի էթնիկ զտում»,-հիշեցնում է հոդվածագիրը:

Հիշեցնենք, անցած շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է․ «Իսրայելը պետք է հասկանա, որ մեկ պետության լուծումը, որը ենթադրում է պաղեստինցի ժողովրդի իրավազուրկություն, բացարձակապես անընդունելի է։ Երկու պետությունների լուծման բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի»։

Մինչ միջազգային կառույցներն ու պետությունները լուծումներ են փնտրում, Գազայի հատվածում շարունակվում է հումանիտար ճգնաժամը։

Սովի և թերսնման հետևանքով Գազայում 100-ից ավելի մարդ է մահացել, մեծ մասը՝ երեխաներ։

2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր, երբ վերսկսվեց պատերազմը,  մոտ 60 հազար պաղենստիցի է մահացել, վիրավորվել է 142 հազարից ավելի մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Անցած երեքշաբթի օրը ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը հայտարարել է՝ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածի պաղեստինցիների նկատմամբ։ Հանձնաժողովը կոչ է արել Իսրայելին և այլ պետություններին կատարել իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի ներքո՝ դադարեցնել հանցագործությունները և պատժել մեղավորներին։

Վերջին շրջանում եվրոպական տարբեր երկրներում ի պաշտպանություն Գազայի և ընդդեմ պատերազմի բողոքի ցույցեր են իրականացվում։

Այսօր էլ Իտալիայում համընդհանուր գործադուլ և զանգվածային ցույցեր են՝ ի պաշտպանություն Գազայի ժողովրդի։ Հռոմի կենտրոնական կայարանի մոտ 20 հազարից ավլեի մարդ է հավաքվել՝ բողոքելով ընդդեմ Գազայում շարունակվող հումանիտար ճգնաժամի:

Իտալիայի մի շարք քաղաքաներում, այդ թվում՝ Հռոմում և Միլանում երկաթուղու, հանրային տրանսպորտի աշխատանքներում խափանումներ են առաջացել 24-ժամյա գործադուլի հետևանքով։

 

Նորություններ