Թիկնիզյանը նոր քաղաքացիություն է ստացել | Region

Թիկնիզյանը նոր քաղաքացիություն է ստացել

Սեպտեմբեր 24,2025 22:44

«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը դարձել է Սերբիայի քաղաքացի։ Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի սեպտեմբերի 18-ին և հրապարակվել է սեպտեմբերի 19-ին «Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»։

«Նաիր Հովհաննեսի Թիկնիզյանը, ծնված 1999 թվականի մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնություն, Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ընդունում է Սերբիայի Հանրապետության քաղաքացիություն»,- նշված է Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտի կողմից ստորագրված փաստաթղթում։

Ինչպես հայտնում են սերբական ԶԼՄ-ները, սերբական ֆուտբոլում ոչ մի օտարերկրացի ավելի արագ չի ստացել սերբական անձնագիր, քան Թիկնիզյանը։

Սերբիայի քաղաքացիություն ստանալով՝ Թիկնիզյանն այլևս չի համարվի օտարերկրացի խաղացող Սերբիայի առաջնությունում, որտեղ միաժամանակ կարող են խաղալ առավելագույնը չորս ոչ ԵՄ քաղաքացի։

«Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի տեղափոխության մասին հայտարարել է հունիսի 22-ին։ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է եռամյա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստը պահպանել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիությունները։ Նա նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, սակայն 2023 թվականին որոշել է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում անցկացրել է 24 հանդիպում և խփել 1 գոլ։

armsport.am

Նորություններ