ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ դաշինք չի կազմի․Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ խորհրդարանական լսումներն են։
Իր ելույթում Զուրաբյանն ասաց՝ Փաշինյանի կառավարման 7,5 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետևանքներով։ Ըստ նրա՝ Փաշինյանը կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը, և սա նրա գլխավոր հանցանքն ու ձախողումն է։
Իր կառավարման ժամանակ մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք 10 ռազմական բախում, որի հետևանքով կորցրել ենք 5000 մարդ, ևս մեկ հայոց աշխարհ՝ Արցախը կրկնեց Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Կարսի ճակատագիրը։ Հիմա էլ վտանգը կախված է Սյունիքի վրա»,-հայտարարեց Զուրաբյանը։
Նա կրկնեց վերջերս սոցիալական ցանցում արած իր հայտարարությունը, որով Փաշինյանին մեղադրում է, որ վերջինս է մինչև պատերազմը հասարակությունից թաքցրել է բանակցություններում իրեն առաջարկած խաղաղության ծրագիրը․«Դա այն է, որ 2019 թվականի ապրիլին, իսկ հետո նաև հունիսին Մինսկի խմբի համանախագահության կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է խաղաղության մի փայլուն պլան, եթե այն իրագործվեր, մենք կունենայինք մի իրողություն, որ ընդամենը պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին, և կկնքվեր լիակատար խաղաղություն՝ խաղաղարար զորքերով։ Իսկ ԼՂ կարգավիճակի հարցը շաղկապվում էր Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Սա մի փայլուն լուծում էր»։
Ապա լրագրողների հետ ճեպազրույցում Զուրաբյանը պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է համախմբվեն ՀՀ նախկին նախագահների հետ, ասաց՝ նույն գետը երկու անգամ չեն մտնում․« Երբ 2021-ին իսկապես պետք էր այդ համախմբումը, Տեր-Պետրոսյանն առաջարկն արեց, բայց դա չկայացավ։ Հիմա նոր լուծումներ պետք է փնտրել։ Պետք է լինի լայն համախմբում քաղաքական ուժերի, հեղինակավոր անհատների։ Սա պիտի դառնա համաժողովրդական շարժում։ Մինչև ժողովուրդը ոտքի չկանգնի, ոչ մի հարց չի լուծվի»։
Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ականներն ասում են, թե վախենում են Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել բանավեճի, քանի որ նա իր հետ բանավիճողներին «կծեփի պատերին», Զուրաբյանը պատասխանեց. «Ե՛ս կծեփեմ Նիկոլ Փաշինյանին, ոչ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հինգ րոպե չի դիմանա»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում էր արել, որով երեք նախագահներին հրավիրում է բանավեճի։ Ընդ որում, այդ գրառումներում նա արձագանքելով նախկին նախագահների հայտարարություններին, թե «Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է պատերազմի մեջ», մեղադրում է նրանց, ասելով՝« բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս։ Ընդ որում, նրանք ոչ ձեր զավակներն էին, ոչ ձեր թոռները։ Բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ։ Պատասխանեք, թե էդ նույն ժամանակ ձեր զավակները ու՞ր էին եւ ինչով էին զբաղվում։
ՏՊԼ–ն, որ 2008թ․ Մարտի 1–ին Կտրիճ Ներսիսյանին թողել է իր տան դարպասների դիմաց, հողամասի դարպասից ներս չի թողել, հիմա Կտրիճ Ներսիսյան է պաշտպանում։ Մի հատ արագ ներողություն խնդրի մեծն Կտրիճից 2008–ի մարտի մեկին նրան շան բնի մոտից առաջ չթողնելու համար։
Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե չէ, ուժեղ տղերք՝ վոին, մոզգ եւ ֆուլհաուս․․․»