ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից․Ն. Փաշինյան

Այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին շրջանում արվող հայտարարություններին։ Գյումրու քաղաքապետը, հիշեցնենք, իր ընտրվելու օրանից սկսած արդեն մի քանի անգամ կրկնել է, որ կողմ է ՌԴ-ի հետ միութենական պետության ստեղծմանը, բայց, ինչպես ինքն էր ասում՝ Բելառուսի, կամ ԵՄ-ի օրինակով, պահպանելով երկրի ինքնիշխանությունը։
ԱԺ-ում այսօր ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որը նաև Գյումրիից է, հայտարարեց՝ «արդեն 6 ամիս է, ինչ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը»։ Պատգամավորն ասաց, որ Գյումրիում կատարված բազմաթիվ շինաշխատանքների մեծ մասն իրականացվել է կառավարության շնորհիվ․«Մտավախություն կա, որ այդ կլանի ղեկավարը և իր թիմը փորձելու է ամեն ինչ անել, որ այդ աշխատանքները վերագրվեն իրեն՝ քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, և այդ ամենը որպես ծառայություն մատուցելու օտարերկրյա որոշ ուժերի»։ Ապա նա դիմեց Փաշինյանին, հետաքրքրվելով, թե ինչ կգնահատական կտա սրան։
Ի պատասխան, Փաշինյանն ասաց․«Ես հատուկ հանձնարարական եմ տվել ՏԿԵ նախարարին, որ Գյումրիում կառավարությունն իր բոլոր ծրագրերը շարունակելու է։ Ինչ վերաբերում է ձեր նշած շրջանակի կողմից արվող հայտարարություններին, նախ, կարծում եմ՝ առաջին հերթին գյումրեցիները պետք է դրան գնահատական տան։ Երկրորդը, մյուսները նույնպես պիտի գնահատական տան։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։
Դա, ըստ Փաշինյանի, պետք է անել քաղաքական մեթոդներով, և ժողովրդավարական երկրներում կիրառելի բոլոր այն մեթոդներով․«Համոզված եմ, որ դա տեղի կունենա»։
Փաշինյանն ասաց, որ Գյումրիում ընտրությունների արդյունքների հետ կապված խնդիր ունեն․«Մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար։ Պետությունն ու ժողովրդավարությունը պետք է իրենք իրենց պաշտպանելու մեխանիզմները կատարելագործեն։ Դա աշխատանք է, որը պետք է անել հանգիստ, հանդարտ և ինստիտուցիոնալ։ Չի կարող Հայաստանի թեկուզ ՏԻՄ պաշտոնյա կասկածի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Մենք պետք է մեխանիզմներ ունենաք նման դեպքերի համար և փաստ չի, որ չունենք։ Նման երեւույթներին պետք է դասել թյուրիմացությունների շարքը, որոնք հընթացս շտկվում են»։