«Միայն պղնձի, մոլիբդենի եւ ոսկու հաշվին 5-6 տարի հետո ՀՀ հանքարդյունաբերական ոլորտը կարող է ունենալ ավելի, քան 3 մլրդ դոլարի արտահանում»․ ԶՊՄԿ փոխտնօրեն | Region

«Միայն պղնձի, մոլիբդենի եւ ոսկու հաշվին 5-6 տարի հետո ՀՀ հանքարդյունաբերական ոլորտը կարող է ունենալ ավելի, քան 3 մլրդ դոլարի արտահանում»․ ԶՊՄԿ փոխտնօրեն

Հոկտեմբեր 03,2025 12:37

Հանքարդյունաբերությունը եւ վերականգնվող էներգետիկան ապագայի համաշխարհային տնտեսության հիմքն են, իսկ հանքարդյունաբերությունը՝ Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Այս մասին այսօր Ծաղկաձորում ընթացող «Հանքարդյունաբերություն եւ էներգիա․ միջազգային միտումները եւ Հայաստանի ներուժը» ֆորումում իր ելույթում ասաց Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավար եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Հայաստանում արդյունահանվող հիմնական մետաղների՝ պղնձի, մոլիբդենի եւ ոսկու պահանջարկը, ըստ Ջհանյանի, համաշխարհային շուկաներում միայն աճելու է, դրանց նշանակությունը՝ նույնպես։

«Ըստ բոլոր կանխատեսումների՝ պղնձի նշանակությունն ավելի մեծ է դառնալու, քան նավթինը։ Այսինքն, կատարվելու է կարեւորագույն անցում նավթի դարաշրջանից դեպի պղնձի դարաշրջան։ Մոտ  մեկ-երկու տասնամյակի ընթացքում պղնձի համաշխարհային շուկայի ծավալն ավելի մեծ է լինելու, քան նավթի շուկայի ծավալը։ Մոլիբդենի պահանջարկն  էլ է միայն աճելու։ Իսկ ինչ վերաբերում է ոսկուն, ապա այսօր մենք արդեն տեսնում ենք, թե ինչ գերազանց գներ են համաշխարհային շուկաներում, ոսկին ապացուցում է, որ անփոխարիների մետաղ է՝ որպես կայունության հանգրվան»,-ասաց Ջհանյանը։

Նրա խոսքով՝ միայն այս երեք մետաղների հաշվին հինգ-վեց տարի հետո Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը կարող է ունենալ 3 միլիարդ դոլարից ավելի արտահանում, սա ավելին է, քան Հայաստանի ամբողջ արտահանման ծավալը 2021 թվականին․«Մեր ոլորտն ունի այնպիսի հսկայական արտահանման ներուժ, որը Հայաստանի գրեթե ոչ մի ոլորտ չունի»։

Նրա մեկնաբանությամբ՝ այսօր համաշխարհային տնտեսությունները կռիվ են տալիս իրենց արտահանման ցուցանիշները բարելավելու համար, օրինակ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի իր արտաքին առևտրի հաշվեկշիռը բարեալավի, այդ թվում՝ արտահանելով ահռելի քանակությամբ նավթ, բնական հեղուկ գազ և պղձնի խտանյութ։

«Իսկ մեզ Աստած այդ հնարավորությունն առատորեն շնորհել է։ Ընդամենը պետք է խելամիտ ձևով օգտվել այդ հնարավորությունից և մի քանի տարի հետո կարող ենք ունենալ արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ՝ դրանով ունենալով հզոր տնտեսություն և բնակչության բարձր կեսամակարդակ»,-ասաց Ջհանյանը։

Ըստ նրա, հաջորդ ոլորտը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտն է, որը ևս խոստումնալից է։

Նորություններ