«Առաջիկայում դա տեղի կունենա»․պատգամավորը «Թուրքական ավիաուղիների՝ հայկական շուկա մուտք գործելու մասին

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ «Թուրքական ավիաուղիներ» (Turkish Airlines) ընկերության ՀՀ շուկա մտնելու հնարավորությանը։
«Թուրքական ավիաուղիներն» օրերս հայտարարել էր, որ «․․․ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է բացել կանոնավոր չվերթներ դեպի Տիմիշոարա (Ռումինիա) և Երևան ՝ կախված հնարավորություններից և շուկայական պայմաններից»։
Սարգիս Խանդանյանն այս առնչությամբ ասաց, որ «Թուրքական ավիաուղիների»՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հարցը տասնյակ տարիներ քննարկվել է, բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել։
Նա հիշեցրեց ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումից հետո մամուլի հաղորդագրության մեջ էր նշված, որ ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել համագործակցությունը․«Ահա, տեսնում ենք, որ «Թուրքական ավիաուղիները» արդեն հայտնել են, որ սկսում են թռիչքներ դեպի Երեւան։ Չգիտեմ, թե սա երբ կլինի, որովհետեւ այնտեղ տեխնիկական եւ իրավական հարցեր կան, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին էլ իշխանական պատգամավորն ասաց, որ որևէ խնդիր չկա, որպեսզի հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորվեն․ «Մենք սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին, որովհետև Հայաստանի և Թուրքիայի միջև չկան խոչընդոտներ հարաբերությունների կարգավորման համար»։