Նուբարաշենի աղբանոցի հրդեhը պատահական չէր, այլ դիտավորություն. Տիգրան Ավինյան

Կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով այսօր այցելել է աղբավայր։
Նա, մասնավորապես, նշեց. «Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները ամբողջ գիշեր աշխատել են տեղում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին՝ արագ արձագանքի և արված մեծ աշխատանքի համար։
Ուզում եմ շատ հստակ արձանագրել. այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ, և ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։
Միաժամանակ խստացվել է աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմը։
Սիրելի երևանցիներ, մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի հայտարարվելու է այդ մրցույթի առաջին փուլը։ Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Քաղաքի համար սա և բնապահպանական և անվտանգային հարց է։
Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը։ Երևանը ունենալու է մաքուր, անվտանգ և վերահսկվող թափոնների կառավարում»։