Բեռնատարների վարորդները կրկին ցույց են անում․կառավարությունում հանդիպումից դժգոհ են, ցույցը տեղափոխվեց ՌԴ դեսպանատան մոտ

Բեռնատարների վարորդներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում, նրանք պահանջում են, որպեզի կառավարությունը բանակցի ռուսական կողմի հետ ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության մեղմացման վերաբերյալ, մասնավորապես՝ խստացումն ու ՌԴ-ում մնալու օրերի կրճատումը չտածարվի իրենց վրա:
Հիշեցնենք, որ ՌԴ խստացված օրենսդրությամբ նախկին 180 օրվա փոխարեն բեռնատարների վարորդներն արդեն 90 օր կարող են մնալ Ռուսաստանում, իսկ խախտում անելու դեպքում տուգանք սահմանած է տուգանքից մինչև ձերբակալում ու արտաքսում՝ 3-5 տարվա մուտքի արգելքով։
Ցույցի մասնակիցները վստահեցրին՝ եթե խնդիրը չլուծվի, բողոքի ցույցերը շարունակելու են, փողոցներ են փակելու։
Կառավարությունում ընդունեցին մի խումբ վարորդների, սակայն այս հանդիպումից հետո նրանք լրագրողների հետ զրույցում կրկին դժգոհություն հայտնեցին։ Նրանք նշեցին, որ ակնկալում էին հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ․«Մեզ ինչ-որ վարչության ներկայացուցիչ ընդունեց։ Էլի ասեցին՝ զբաղվում ենք, բայց մենք մեր հարցերի պատասխանները չստացանք»։
Բեռնատարի վարորդները խոստացան դիմել ծայրահեղ քայլերի՝ եթե մինչև ժամը 17:00-ն հստակ պատասխան չստանան։
Ապա նրանք կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն: