«Աղբավայրի կառավարումը մասնավորից վերցրել ենք։ Ենթադրում եմ՝ որոշակի ֆինանսներ են գեներացրել, հիմա բերում ենք օրինական դաշտ»․Ավինյանը Նուբարաշենի հրդեհի մասին | Region

«Աղբավայրի կառավարումը մասնավորից վերցրել ենք։ Ենթադրում եմ՝ որոշակի ֆինանսներ են գեներացրել, հիմա բերում ենք օրինական դաշտ»․Ավինյանը Նուբարաշենի հրդեհի մասին

Հոկտեմբեր 23,2025 13:26

Ի՞նչն է հիմք հանդիսացել, որպեսզի Երևանի քաղաքպետ Տիգրան Ավինյանը կասկածներ հայտնի, որ Նուբարաշենի  աղբավայրի հրդեհը պատահական չէր։ Այսօր կառավարության նիստից հետո լրագորղների հետ ճեպազրույցում Ավինյանն անդրադառնալով այդ հայտարարությանն, ասաց՝ հրդեհից առաջ որոշ բաներ են տեղի ունեցել, որն էլ հիմք է տվել նման հայտարարության։

Նախ՝ աղբավարի կառավարումը մասնավորից վերցրել են, այսինքն, Երևանի քաղաքապետարանը մասնավոր ընկերության հետ չեղակարկել է պայմանագիրը, կառավարումը վերցրել է իր ձեռքը։

«Միջադեպից երկու օր առաջ որոշ անձինք, որոշ բաներ են խոսել, որ շուտով աղբավայրում ինչ-որ բան է տեղի ունենալու»,-ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետի խոսքով՝ աղբավայրի կառավարման գործում եղել են որոշ կասկածելի գործընթացներ․«Ենթադրում եմ, որ որոշակի ֆինանսներ են գեներացրել։ Հիմա բերում ենք օրինական դաշտ»։

Նրա վստահեցմամբ՝ հիմա քաղաքապետարանն ամբողջական տեսահսկման համակարգ է ներդնում աղբավայրում, տարատեսակ ավտոմեքենաների մուտքը սահմանափակվել է, խիստ  վերահսկողություն է լինելու։

Տարիներ առաջ ճապոնական ընկերություն էր աշխատում աղբավայրում, պետք է աղբը վերամշակեր, ի վերջո ի՞նչ արդյուքն տվեց այդ ընկերությունը, այս հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետը պատասխանեց՝ ճապոնական ընկերության աշխատանքը կարևոր էր․«Բայց դա փոքր ծավալի էր, ցուցադրական էր։ Դա շատ լավ ու կարևոր օրինակ էր, թե ինչպես կարելի է աշխատել։ Իսկ թե ինչու գնաց, ինչո՞ւ չշարունակեց աշխատել, կդժվարանամ ասել»։

Նուբարաշենի աղբայարի կառավարման խնդրի լուծման մասին էլ քաղաքապետն ասաց՝ սա 75 տարվա խնդիր է, քաղաքապետարանն այժմ երեք ուղղությամբ է աշխատում։
«Առաջինը՝ մենք հայտարարում ենք երկփուլ մրցույթ, ասում ենք՝ հարգելի ընկերություններ, որոնք ունեն փորձ աղբի վերամշակելու ու կառավարելու, տվեք ձեր առաջարկները առաջին փուլի համար, որից հետո կամբողջացնենք, կդնենք երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը։ Երկրորդը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ ընդհանուր ֆորմատով միջազգային ֆիանանսական մեր գործընկերների հետ փորձում ենք ճանապարհ գտնել՝ կրկին նույն նպատակի համար։ Որ ճանապարհով ավելի արագ ու արդյունավետ կհասնենք լուծմանը, մենք այդ ճանապարհով էլ գնալու ենք։

Երրորդ խնդիրը, որ դրվել է ընկերությունների առաջ, այն է, որ Նուբարշենի աղբավայրի որոշակի, նախնական վերամշակման նոր ծրագիր պետք է ներկայացնեն»,-ասաց Ավինյանը։

Նորություններ