«Երեւանում չեմ լինելու, բայց ես մեծ հաճույքով կգնայի եւ կմասնակցեի այդ պատարագին»․Ավինյանը ևս սատարում է կարգալույծ եղած հոգևորականին

«Ցավոք, կիրակի օրը Երեւանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ։ Բայց ես մեծ հաճույքով կգնայի եւ կմասնակցեի այդ պատարագին»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք մասնակցելու է կիրակի օրը Հովհաննավանքում կայանալիք պատարագին, որը պատրաստվում է մատուցել կարգալույծ եղած հոգեւորականը և որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը՝ սատարելով կարգալույծ եղած հոգևորականին։
Հիշեցնենք, Հանրային հեռուստաընկերության եթերում քահանա Տեր Արամը մեղադրանքներ էր հնչեցրել Արագածոտնի թեմի առաջնորդի եւ այլ քահանաների հասցեին, որից հետո նա կարգալույծ է արվել։ Նա ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել էր,«Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես` Ձեր Տեր Արամ քահանան»:
Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր․ «Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ»։