Վաղարշապատը դարձնել սմարթ համայնք, շաբաթօրյակներ, փողոցների բարեկարգում, «Սատանի անիվ»-ն անճանաչելի դարձնել․թեկնածուների նախընտրական խոստումները
Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերին 16-ին բնակիչները կընտրեն նոր համայնքապետ։ Նախընտրական քարոզարշավը սկսվել է, դրան զուգահեռ նաև՝ նախընտրական խոստումները։
Վաղարշապատի ՏԻՄ համամասնական ընտրություններում պայքարելու, որոշների դեպքում՝ ուժերը ստուգելու հայտ են ներկայացրել 8 քաղաքական ուժեր: Նրանցից 4-ը՝ «Հաղթանակ» դաշինքը, «Հանրապետություն»-ը, «Մայր Հայաստան»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր-ն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը:
Ներկայացված ուժերից մեկի՝ «Մայր Հայաստան»-ի համար, ինչպես նշված է ծրագրում, Վաղարշապատի ընտրությունները համարում է մի գործընթաց, որը կարող է նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության համար:
Իրենց ամփոփ ծրագրերում թեկնածուները անդրադառնում են համայնքի գրեթե բոլոր խնդիրներին, ամենքն՝ իր լուծումով, թեև, կարելի է ասել, բոլորը գրեթե նույն լուծումներ են առաջարկում։
Օրինակ համայնքի տրանսպորտային ցանցի բարեկարգումը կարևոր է բոլոր թեկնածուների համար:
«Մայր Հայաստան»-ը, որի ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, նախատեսում է համայնքային, միջքաղաքային և ներքաղաքային տրանսպորտային նոր որակի համակարգի ձևավորում, որը ենթադրում է ժամանակակից տրանսպորտային ցանցի ներդնում՝ համայնք-մասնավոր համագործակցության տարբերակով՝ մատչելի գնային քաղաքականությամբ: Խոստանում են ներքաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերը սահմանել մինչև ժամը 23:00։ «Մայր Հայաստան»-ը խոստանում է թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները, Արցախից բռնի տեղահանվածներն և ուսանողները անվճար կամ կամ զեղչով երթևեկելու հնարավորություն:
«Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը, խոստանում է հանրային տրանսպորտի երթուղիների օպտիմալացում, նոր երթուղային գծեր՝ մարզական և կրթական կենտրոնների հանգուցմամբ։ Կարճաժամկետ հեռանկարում այս ուժն առաջարկում է փողոցների վերանորոգում, գլխավոր փողոցների, բնակավայրերի ներսի և գյուղական ճանապարհների վերանորոգում և ասֆալտապատում։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում կուսակցությունը նախատեսում է ստեղծել նոր ճանապարհային նախագիծ ` սմարթ սիթի (խելացի քաղաք) տրամաբանությամբ, հանրային տրանսպորտի քանակի եւ սպասարկման խնդրի լուծում՝ էկոսիթի (էկոլոգիական քաղաք) տրամաբանությամբ:
«Հաղթանակ» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը․ խոստանում է հանրային տրանսպորտի վճարային համակարգի արդիականացում, քարտային վճարումներ և հարմարավետ կանգառներ, հատուկ ուսանողական երթուղիներ՝ Վաղարշապատից և բոլոր գյուղերից դեպի Երևան և մարզային բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաև GIS վերահսկողություն և ժամանակակից ավտոբուսներ ուղևորների անվտանգությունը վերահսկելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ, որի ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը, իր ընտրողներին խոստանում է հիմնանորոգել և բարեկարգել ներհամայնքային ճանապարհները, մայթերն ու փողոցները, բարեկարգել համայնքային պուրակներն ու հիմնել նորերը: Բարեկարգել համայնքի հասարակական տրանսպորտի բոլոր կանգառները, մշակել ներհամայնքային տրանսպորտի նոր երթուղիներ, որպեսզի յուրաքանչյուր բնակավայրի բնակիչ ունենա հարմարավետ և հասանելի փոխադրամիջոց՝ դեպի քաղաքի տարբեր հատվածներ:
Թեկնածուները երիտասարդների խնդիրներն էլ չեն անտեսել։
«Հաղթանակ» դաշինքը, խոստանում է՝ ընտրվելու դեպքում երիտասարդական և մարզական կենտրոններ հիմնել Էջմիածին և Գեղակերտ համայնքներում, մասնավորապես սպորտային համալիր ու արվեստի և տեխնոլոգիաների ակումբներ:
«Մայր Հայաստան»-ը նախատեսում է ստեղծել Երիտասարդության զարգացման հիմնադրամ՝ երիտասարդների համար մշակելով կրթական ու բիզնես ոլորտներին վերաբերող հատուկ ծրագրեր։
«Հանրապետություն» կուսակցությունը մտադիր է վերանորոգել գործող զբոսայգիները, խաղահրապարակներն ու մարզադաշտերը, տեղադրվել բազմաֆունկցիոնալ սարքավորումներ՝ սպորտային և խաղային տարածքներում: Բացի այս, «Հանրապետություն» կուսակցությունը նախատեսում է կառուցել ժամանցային նոր համալիրներ, հիմք դնել Smart City ինտեգրացիայի՝ տեղադրել թվային վահանակներ և հավելվածներ, որոնք տեղեկացնում են միջոցառումների ժամանցի վայրերի և երթուղիների մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ Վաղարշապատ համայնքի բնակիչներին խոստանում է ընդլայնել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի խորհրդի կազմը, աջակցել համայնքային երիտասարդական նախաձեռնություններին։
Վաղարշապատ համայնքի մշակութային ժառանգության թվայնացում. սա է զբոսաշրջության խթանման առաջնային քայլն՝ ըստ «Հանրապետություն» կուսակցության: Նաև մտադիր է համայնքն ընդգրկել համաշխարհային կրթական, մշակութային և զբոսաշրջային ցանցերին։
«Մայր Հայաստան»-ը գտնում է, որ Վաղարշապատում զբոսաշրջության զարգացման համար լուրջ խթան կարող է դառնալ քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը, հյուրանոցային բիզնեսի խթանումը, զբոսանքի և ժամանցի վայրերի բարեկարգումն ու նորերի ստեղծումը։ Այս ուժը մտադիր է վերականգնել Զվարթնոց թաղամասի «Սատանի անիվ» կոչվող կարուսելը և «անճանաչելիորեն բարեկարգել հարակից տարածքը՝ այն բերելով միջազգային ստանդարտների և դարձնելով հաճելի զբոսավայր»։ Նաև անցկացնել մշակութային, խոհարարական փառատոններ։
«Հոկտեմբերի 8-ը՝ Էջմիածնի օրը, պետք է դառնա ոչ միայն էջմիածինցիների, այլ նաև հայության տոնական օրերից մեկը և խթանի զբոսաշրջությունը»,-նշված է այս ուժի ծրագրում:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը խոստանում է կատարել հետևողական աշխատանքներ համայնքում առկա զբոսաշրջային վայրերը առավել հասանելի, բարեկարգ և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ, մշակել նոր ծրագրեր նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան վայրերին, ինչպես նաև դրանք ավելի լայնորեն ներկայացնել զբոսաշրջիկներին ու համայնքի բնակիչներին:
Առողջապահական ոլորտում թեկնածուները խոստանում են բարեկարգել բուժհիմնարկները, բժշկական ծառայությունները հասանելի դարձնել բոլորին։
ՔՊ-ն իր ծրագրում նշում է, որ շարունակելու են վերանորոգել բուժամբուլատորիաները, համագործակցել բժշկական հաստատությունների հետ, ավելի հասանելի եւ որակյալ են դարձնելու առաջնային բուժօգնությունը։
«Հաղթանակ» դաշինքը առաջարկում է շարժական բժշկական ծառայություններ, շաբաթական այցեր դեպի Լեռնամերձ, Մոնթեավան և Արագած համայնքներ, ինչպես նաև տուն-օգնություն միայնակ տարեցների համար:
«Հանրապետություն» կուսակցությունն էլ առաջարկում է ներդնել կայուն համայնքային առողջապահական համակարգ՝ էլեկտրոնային հիվանդանոցային գրանցումներ, հեռաբժշկություն և հանրային առողջության մոնիթորինգ, նոր բժշկական կենտրոնների և գյուղական բուժկետերի կառուցում, որոնք ապահովված կլինեն ժամանակակից տեխնիկայով, ինչպես նաև՝ կայուն մոբայլ բուժկետային ցանց գյուղական բնակավայրերում։
Այս ուժերը խոստանում են նաև ոռոգման ջրի համակարգի բարելավում, թափառող շների համար ապաստարանի հիմնում, աջակցություն գյուղմթերք արտադրողներին, ստեղծել գյուղմթերքի իրացման շուկաներ։
ՔՊ-ն ու «Մայր Հայաստան»-ը նաև մտադիր են հաճախակի շաբաթօրյակներ կազմակերպել։
Նիկոլ Մարգարյան
