Չեռնոգորիայում հակաթուրքական ակցիաներ են․ ի՞նչ պատմական արմատներ ունեն այդ տրամադրությունները
 
            «Չեռնոգորիան Թուրքիա չէ», «Թուրքեր դուրս կորե՛ք», «Թուրքիա հեռացի՛ր»․ հոկտեմբերի 29-ին Պոդգորիցայում՝ Չեռնոգորիայի կառավարության շենքի դիմաց, նման կարգախոսներով բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել։ Բողոքի ակցիան ուղղված էր Չեռնոգորիայում գտնվող թուրքերի և ադրբեջանցիների դեմ։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բողոքի պատճառ է դարձել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի՝ տարածքով ամենահարավային և ամենախոշոր շրջանում՝ Զաբյելոյում տեղի ունեցած միջադեպը: Հոկտեմբերի 26-ին մի խումբ թուրք ներգաղթյալներ ծեծի են ենթարկել և դանակի հարվածներ հասցրել մի տղամարդու, որը փորձել է պաշտպանել կնոջը: Միջադեպից հետո զայրացած բնակիչները հավաքվել են խաղատան շենքի մոտ, որտեղ պատսպարվել են հարձակվողները՝ այն հրկիզելու մտադրությամբ: Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել և ձերբակալել Թուրքիայի 45 քաղաքացու, որոնցից 36-ը գտնվել են հաստատության ներսում:
Մեկ օր անց տեղի բնակիչների զանգվածային դժգոհությունը վերաճել է ջարդարարությունների․ մայրաքաղաքի տարածքում հարձակումներ են եղել թուրքական խանութների, ռեստորանների, սրճարանների եւ ավտոմեքենաների վրա:
Պոդգորիցայում՝ Չեռնոգորիայի կառավարության շենքի դիմաց, զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունեցել Զաբյելոյում տեղի ունեցած միջադեպից հետո։ Շատ չեռնոգորցիների համար այս միջադեպը աճող լարվածության ազդանշան էր, որը պայմանավորված էր հիմնականում Թուրքիայից և Ադրբեջանից միգրանտների ներհոսքով:
Ի պատասխան ստեղծված իրավիճակի՝ Չեռնոգորիայի կառավարությունը որոշում է կայացրել հոկտեմբերի 30-ից չեղարկել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը հայտարարել է, որ իր երկիրը կդադարեցնի Թուրքիայի հետ 2008 թվականին սահմանված առանց վիզայի ռեժիմը, որպեսզի վերանայի և կատարելագործի օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժի և կացության վերահսկման մեխանիզմները: Նա հայտարարել է, որ որոշումն ընդունվել է անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով: Միլոյկո Սպայիչը նշել է, որ այդ որոշումը հաշվի կառնի Չեռնոգորիայում գտնվող մոտ 14 հազար թուրք քաղաքացիների շահերն ու կարգավիճակը: «Տնտեսական ակտիվության պահպանման և երկկողմ կապերի ամրապնդման նպատակով առաջիկայում մենք ակտիվ բանակցություններ կսկսենք Թուրքիայի հետ։ Դա կարվի գործընկերության և բարիդրացիության ոգով, որպեսզի մշակվի համագործակցության լավագույն մոդելը, որը կհամապատասխանի երկու կողմերի շահերին», – հայտարարել է Սպայիչը։
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կոչ էր արել արմատական փոփոխություններ կատարել երկրի ներգաղթի քաղաքականության մեջ՝ առաջին տեղում դնելով իր քաղաքացիների շահերը: «Ես հաճախ եմ շփվում քաղաքացիների հետ, և նրանք բողոքում են, որ վերջին երեք տարիների ընթացքում անպատասխանատու քաղաքականություն է իրականացվել օտարերկրացիների նկատմամբ, որոնց ժամանման պատճառով բարձրացել են բնակարանների գներն ու վարձավճարները։ Կա ներուժ, որպեսզի մոտակա ժամանակահատվածում երկիրն ավելի պատասխանատու քաղաքականություն վարի», – հայտարարել է Չեռնոգորիայի նախագահը։
Հակաթուրքական տրամադրությունները Չեռնոգորիայում վաղեմի պատմական արմատներ ունեն։ Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր Չեռնոգորիայի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները շատ բարդ և հաճախ լարված են եղել: Չեռնոգորիան, լինելով փոքր, լեռնային պետություն, դարեր շարունակ դիմակայել է Օսմանյան տիրապետությանը, որը տարածվել է Բալկաններում։ Չնայած օսմանցիները փորձել են վերահսկողություն հաստատել Չեռնոգորիայի նկատմամբ, տեղի բնակիչները, այդ թվում՝ չեռնոգորցիները, ակտիվորեն դիմադրել և պարտիզանական մարտեր են մղել։ Այս պատմական ժառանգությունը, հավանաբար, շարունակում է ազդել Չերնոգորիայում և բալկանյան այլ երկրներում ընկալումների վրա, թեև դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մակարդակում իրավիճակը, իհարկե, փոխվել է:
Srpska24 պորտալը գրել է. «պատմությունը կրկնվում է, բայց միշտ այլ ձևերով։ Եթե ժամանակին Չեռնոգորիան ամրոց էր, որը դիմադրում էր թուրքական սվիններին, ապա այսօր այն դարձել է մի երկիր, որտեղ ապրում են Թուրքիայի Հանրապետության ավելի շատ քաղաքացիներ, քան թուրքերը 15-րդ և 16-րդ դարերում՝ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: Տարբերությունը միայն գործիքների մեջ է. սվինի փոխարեն անձնագիր, զինվորների փոխարեն ներդրողներ։ Այն, ինչին նույնիսկ սուլթան Սուլեյմանը չկարողացավ զենքով հասնել, Էրդողանը հասնում է բիզնեսի, դպրոցների, կրթաթոշակների և լուռ դիվանագիտության միջոցով։ Այսօր Թուրքիան Չեռնոգորիայում նվաճում է ոչ թե տարածքներ, այլ շուկա, ազդեցություն և վստահություն»։
Վերջին տարիներին թուրքական բիզնեսի և աշխատուժի լայնածավալ ներթափանցումը սոցիալական լարվածություն է առաջացրել Չեռնոգորիայում: Ազգային արժանապատվությունը պաշտպանելու կարգախոսներով և կոչերով զանգվածային հանրահավաքները ցույց տվեցին հասարակության մտահոգությունը օտարերկրացիների, հատկապես այլ մշակույթ և կրոն ունեցող երկրներից ներգաղթյալների աճող ազդեցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Չեռնոգորիան, որի բնակչությունը կազմում է ընդամենը 625 հազար մարդ, ՆԱՏՕ-ի անդամ է և Եվրամիության անդամության թեկնածու: Չեռնոգորիայի ներքին գործերի նախարար Դանիլո Շարանովիչի խոսքով՝ այժմ երկրում բնակվում է ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող մոտ 100 հազար օտարերկրացի, որոնցից 13 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են:
Ի դեպ, Թուրքիան, ինչպես հաղորդում Է Reuters-ը, հայտարարել է, որ իր քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Շպայիչի և արտգործնախարար Էրվին Իբրահիմովիչի հետ: Նա հայտարարել է, որ Անկարան Չեռնոգորիայի իշխանություններից ակնկալում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար։
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան ևս նամակ է հղել չեռնոգորցի իր գործընկեր Սինիշա Բյակովիչին՝ Պոդգորիցայում Ադրբեջանի մի քանի քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ։ Նա պահանջել է ապահովել ձերբակալված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Չեռնոգորիայի օրենսդրությանը և մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին համապատասխան: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև էթնիկ, ազգային կամ կրոնական հատկանիշով խտրականության, թշնամական հռետորաբանության և անհանդուրժողականության դրսևորումների կանխարգելումը:

Զաբելա Ավագյան

 
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                    