Արցախցի Արայիկին կացարան հատկացրած տանտերն իրենն է համարում նրա բոլոր խնդիրները
Շիրակի մարզում Արցախից բռնի տեղահանված մոտ 4000 անձ էր հաստատվել: Նրանց մի մասը լքել է մարզը՝ այդպես էլ չկարողանալով հաղթահարել առկա բազում խնդիրները: Ոմանք էլ սպասում են գարնանամուտին, որ կարողանան կողմնորոշվել, թե ինչ անեն:
Աշխատանք ճարելը գլխավորն է բոլոր խնդիրներից: Ոմանք Շիրակի մարզից տեղափոխվում են Երևանին ավելի մոտ գտնվող բնակավայրեր, որտեղ վաստակելը համեմատաբար հեշտ է: Ստեփանակերտում ծնված ու ամբողջ կյանքն այնտեղ ապրած Արայիկ Սարգսյանի դեպքում հակառակն է ստացվել:
Բռնի տեղահանումից հետո Հայաստանի մի քանի բնակավայրերում է նա փորձել հաստատվել, բայց չի ստացվել: Տեղափոխվել ու ավելի քան 2 ամիս ապրում է Ամասիա համայնքի Արեգնադեմ գյուղում: Աշխատանք գտնել չի հաջողվել, բարի մարդիկ են նրան կացարան տվել: Որոշել է գյուղատնտեսությամբ զբաղվել: