Իրանը կանխե՞լ է Սյունիքի նկատմամբ հարձակման փորձերը. մասնագետի դիտարկումները | Region

Իրանը կանխե՞լ է Սյունիքի նկատմամբ հարձակման փորձերը. մասնագետի դիտարկումները

Մարտ 07,2024 11:35

«Իրանը պատերազմի մեջ չի ներքաշվելու կամ Հայաստանի փոխարեն մեր սահմանները չի պաշտպանելու, բայց այդ երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ գործակցության վերաբերյալ չի փոխվել»: Նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ արձագանք սպասել Թեհրանից Հայաստանի տարածքի վրա Բաքվի հնարավոր հարձակման դեպքում:

Ինչ աջակցություն կցուցաբերի Իրանը՝ կախված է նրանից, թե ինչ որակի բանակցություններ կվարի Երևանը, իսկ այս փուլում Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են հատկապես Սյունիքում:  «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, ըստ մասնագետի, սպառնալիք է նաև Թեհրանի համար:

«Այս փուլում Իրանը դեռևս դիվանագիտական գործիքներ է օգտագործում թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները կանխելու համար, եղան հայտարարություններ, որ Իրանն արդեն ամենաբարձր մակարդակով կանխել է Սյունիքի նկատմամբ հարձակման փորձերը, մշտական զորավարժություններ են և այլն»,-նշեց Միսակյանը:

Չնայած Իրանի կոշտ դիրքորոշմանը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջը շարունակում է հնչել Ադրբեջանից ու Թուրքիայից:

Իրանագետի խոսքով՝ բոլոր խաղացողներն ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, բավականին ուշադիր պետք է գործի Հայաստանի ղեկավարությունը, որպեսզի Հայաստանը չվերածվի մեծ տերությունների, Իրանի ու Թուրքիայի բախման թատերաբեմի:

Նորություններ