2011-ից Բաքուն որոշել էր ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով, խնդիրն այն էր, թե երբ կգար հարմար պահը։ ՀՀ իշխանության որոշ քայլեր այդ հարմար պահը մոտեցրեցին․ Պողոսյան | Region

2011-ից Բաքուն որոշել էր ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով, խնդիրն այն էր, թե երբ կգար հարմար պահը։ ՀՀ իշխանության որոշ քայլեր այդ հարմար պահը մոտեցրեցին․ Պողոսյան

Նոյեմբեր 13,2025 17:00

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունները՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, քանի օր է՝ հայաստանյան փորձագիտական շրջանակներում բուռն քննարկում են։ Մի մասը կարծում է, որ Բայրամովը փորձում է ցույց տալ, թե իբր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները սպառվել էին  Հայաստանի վարած քաղաքականության պատճառով։ Որոշ փորձագետներ գտնում են, որ Բայրամովի շեշտադրումները կարելի է դիտարկել որպես փորձ՝ ներկայացնելու Ադրբեջանի պաշտոնական վարկածը, որի նպատակն է հիմնավորել 2020 թվականի պատերազմի «անխուսափելիությունը»։ Հայ որոշ փորձագետներ, քաղաքական գործիչներ, հիմնականում ընդդիմադիրներ, Բայրամովի այդ հայտարարությունների հետ որոշ առումով համամիտ են, թե Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ սադրել է Բաքվին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ադրբեջանական ITV-ին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ 2018-2020 թվականների բանակցություններից։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը, որը նշված տարիներին այդ պաշտոնին չէր, մասնավորապես ասել է, որ  2018-ին Դուշանբերում Փաշինյան-Ալիև առաջին շփման ժամանակ Փաշինյանը վստահեցրել է, որ «կձեռնարի բոլոր քայլերը հարցը լուծելու համար»։ Սակայն 2019-ին Վիեննայում Ալիևի հետ հանիպման ժամանակ Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը, և ինչպես Բայրամովն է պնդել՝ «Փաշինյանն ասել է, որ չի կարող լուծել այդ հարցը, եթե լուծի՝ իրեն կսպանեն»։

Ընդ որում, Բաքվի ներկայացուցիչը պնդել է, թե որոշ իրադարձություններ, ՀՀ-ի կողմից սադրանքներն ու հայտարարությունները «ոչնչացրել են բանակցային երկատև գործընթացը»։ ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ, նոր հաղթանակ», Փաշինյանի՝ «Ղարաբաղը  Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությունները, Տավուշում հուլիսյան մարտերը, Փաշինյանի՝ առաջ քաշած նախապայմանը՝ «Բաքուն պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ», 2020 թվականի հուլիսի 10-ին հրապարակված Հայաստանի նոր ազգային անվտանգության հայեցակարգը, որտեղ արձանագրված էր, որ «Առաջին Ղարաբաղյան պատերազմի արդյունքները համարվում են Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս», ահա սրանք Բաքուն գնահատել է, որպես սադրանք,  էր։

Regions TV-ի հետ զրույցում ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն անդրադառնալով Բայրամովի՝ Հայաստանում աղմուկ հանած հայտարարություններին, նկատում է՝ դժվար թե ինչ-որ հատուկ ենթատեքստ կամ շարժառիթ կա այդ հայտարարություններում, քանի որ Ադրբեջանը նշում է 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմում իր հաղթանակի 5-ամյակը, հատուկ ֆիլմ է նախապատրաստել, որի հիմքն, իհարկե, արտգործնախարարի հետ հարցազրույցն է։

«Բնականաբար, տարբեր թեմաներ են արծարծվել։ Այն, ինչ եղել է հակամարտության վերջին 5-7 տարիների ընթացքում, պատերազմից առաջ և թե հատկապես պատերազմի  44 օրերի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, հատկապես Մոսկվայում՝ հոկտեմբերի 9-10-ին,  ինձ թվում է, որ դրանով ևս մեկ անգամ  ուզում են ցույց  տալ, թե ինչ ճիշտ ռազմավարական մտածելակերպ է ունեցել նախագահ Ալիևը, ինչ քայլեր են ձեռնարկել կամ ինչպես են  Ադրբեջանի պետական շահերը պաշտպանել։ Դրա համար ես կարծում եմ, որ չկա ինչ որ առանձնահատուկ  օրակարգ»,-ասում է Բենիամին Պողոսյանը։

Նա նշում է, որ միանշանակ չենք էլ կարող պնդել, որ Բայրամովի ամբողջ ասածները ճշմարտություն են, վերջին հաշվով հնչում են մեկնաբանություններ դեպքերի մասին, որոնց վերաբերյալ հստակ տեղեկություն ընդամենը մի քանի հոգի ունեն, բանակցությունների սենյակում եղել են 3 հոգի, հետևաբար, Բայրամովը ճշմարտությունն է ասել, թե՝ ոչ, պետք է հայկական կամ ռուսական կողմը հաստատի կամ հերքի։

«Պարոն Մնացականյանը (այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար) և պարոն Լավրովը, առայժմ կարծես թե չեն արձագանքել։ Բայց նորից եմ ասում՝ սա չենք կարող միանշանակ ճշմարտություն ընդունել։ Չի բացառվում, որ պարոն Բայրամովը ինչ-որ բաներ, եթե չասենք, որ սխալ է ներկայացնում, հնարավոր է նաև, որ մեկնաբանությունների խնդիր կա։ Ամեն դեպքում, քանի դեռ հերքում էլ չկա, նկատի ունեմ այն  մարդկանց կողմից, ովքեր անձամբ մասնակցել են այդ  հանդիպումներին, կարող ենք նաև գոնե առայժմ առաջնորդվել  «լռությունը համաձայնության նշան է» տրամաբանությամբ»,-ասում է փորձագետը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարն այդ հարցազրույցում 2020 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած բանակցություններից մանրամասներ է ներկայացրել, նշելով․«…Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմերին ներկայացրեց մի փաստաթուղթ՝ պատրաստի հրադադարի համաձայնագիր։ Այն առաջարկում էր հոկտեմբերի 9-ի կեսգիշերից 10-ը դադարեցնել շփման գծի երկայնքով բոլոր ռազմական գործողությունները։ Ռուս խաղաղապահները կտեղակայվեն ադրբեջանական բանակի կողքին՝ գծի արևելյան կողմում, իսկ ռուս խաղաղապահները և հայկական զինված ուժերը՝ արևմտյան կողմում։ Այլ կերպ ասած՝ առանց հայկական ուժերի դուրսբերման օկուպացված տարածքներից և առանց որևէ լրացուցիչ պայմանի։ Եթե Մոսկվայի ծրագիրն ընդունվեր, դա կլիներ ամեն ինչի վերջը. իրավիճակը կսառչեր, և ադրբեջանական հողերի ազատագրումը կդառնար անհնար»։

Ադրբեջանը, ըստ Բայրամովի, Հայաստանից պահանջել է օկուպացված տարածքներից դուրս գալու կոնկրետ ժամանակացույց ներկայացնել։ Իսկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ այդպես չի կարող լինել, Ադրբեջանը պետք է վերադառնա մինչև սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցած սահմանային իրավիճակին։

Բայրամովը պատմել է, որ Մնացականյանը երբ սկսել է խոսել «5+2» բանաձևի մասին, Ադրբեջանի ներկայացուցիչները հակադարձել են, որ այդ բանաձևն այլևս չի աշխատի, քանի որ Ջաբրայիլն ու Հադրութը ազատագրված են»։

Նկատենք, որ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը Բայրամովի այս հայտարարություններին որևէ կոնկրետ պատասխան չտվեց, միայն նշեց, որ բանակցային փաստաթղթերը կհրապարակի մինչև տարեվերջ։

Չնայած Բաքվի՝ 2020-ի ագրեսիան «արդարացնելու» այս փորձերին, ակնհայտ է, որ Ադրբեջանը վաղուց արդեն մտադրվել էր հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծել, պարզապես, ինչպես նկատում է Բենիամին Պողոսյանը, հարմար պահի էր սպասում։

«Ադրբեջանը լրջորեն դիտարկում էր  Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով  լուծելու հնարավորությունը,  առնվազն գոնե սկսկած 2011 թվականից, երբ Ալիևը ամենավերջին պահին Կազանում մերժեց  փաստաթղթի ստորագրումը, որի շուրջ 2 տարի ինտենսիվ  բանակցություններ կային Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Մեդվեդևի  անձնական միջնորդությամբ։ Հասկանալի է, որ Կազանի փաստաթուղթը մերժելով՝ Ալիևը հասկանում էր, որ Ադրբեջնում արդեն  սկսվել է նավթային բումը, հոսում էին միլիարդավոր դոլարներ, Ադրբեջանը սկսել էր բանակի վերազինման ծրագիրը, ինտենսիվացրել բանակի սպաների վերապատրաստման ծրագրերը թուրքական ռազմական  հաստատությունների հետ։ Պարզ էր, որ դեռ 2011 թվականից Ադրբեջանում, կարծում եմ, ռազմավարական առումով որոշում էին կայացրել, որ հարցը ցանկալի է լուծել ռազմական ճանապարհով, սակայն խնդիրն այն էր, թե երբ կգար հարմար պահը։ Իմ գնահատմամբ Հայաստանի իշխանության որոշ քայլեր այդ հարմար պահը մոտեցրեցին։ Այսինքն՝ այնպես չի, որ Ադրբեջանը մինչև 2019-ի մարտ, որոշել էր, որ խաղաղ  բանակցությամբ հարցը պիտի լուծվի։ Նորից եմ ասում՝ դեռ 2011 թվականին, երբ Ալիևը մերժեց Կազանում ստորագրել փաստաթուղթը ակնհայտ էր, որ նա դիտարկում էր ռազմական գործողությունների ճանապարհով հարցի լուծումը»,- ընդգծեց Բենիամին Պողոսյանը։

Տիրուն Մարգարյան

Նորություններ