«Ադրբեջանն ուզում է ոչնչացնել մեր պաշտպանական գիծը․ ցանկացած անկլավի հանձնումը զգալիորեն կմեծացնի Հայաստանում Ադրբեջանի ռազմական ազդեցությունը». Հրանտ Միքայելյան
ՀՀ իշխանությունները պնդում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակումը պետք է իրականացվի միայն հանրաքվեի միջոցով, իսկ անկլավների հարցը պետք է լուծվի սահմանազատման միջոցով: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանը կվերադարձնի Արծվաշենը և այլ հայկական տարածքներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վերջերս հայտարարել է, որ Հայաստանը օգոստոսի 8-ից ի վեր հետաձգում է իր «տնային աշխատանքը», չի սկսել «Զանգեզուրի միջանցքի» իր հատվածի շինարարությունը, չի փոփոխել Սահմանադրությունը և չի ցանկանում լուծել «անկլավների», այդ թվում՝ Տիգրանաշենի հարցը:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը RegionsTV-ի հետ զրույցում հայտնեց՝ չգիտի, թե Փաշինյանը ո՞ր տարածքների մասին է խոսում, քանի որ Ալիևը որևէ բան վերադարձնելու մտադրություն չունի և կիրառում է ուժային փաստարկը։
«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ՀՀ կառավարությունն ինչի հաշվին է հույսեր տածում հասնել տարածքների վերադարձի։ Խոսքերո՞վ։ Ալիևը հստակ ցույց է տվել, որ խոսքերը նրա վրա ազդեցություն չունեն։ Ըստ էության, Ալիևը որևէ տարածք չի զիջի։ Եվ եթե Ալիևը որևէ տարածք չզիջի, ապա Հայաստանին որևէ տարածք վերադարձնելու մասին խոսակցությունները դառնում են անիմաստ։ Որքան էլ խոսենք Արծվաշենի մասին, Ալիևը այն չի վերադարձնելու»,-ընդգծեց քաղաքագետը։
Հրանտ Միքայելյանի խոսքով՝ մինչև 2020 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական սահմանը բոլորովին տարբերվում էր խորհրդային քարտեզների վրա պատկերված սահմանից։ «Սահմանը բարելավվել է մարտական գործողությունների ընթացքում: Եթե քարտեզի վրա այն խիստ խճճված էր, ապա 1990-ականների սկզբի մարտական գործողությունների ժամանակ այն ուղղվել է, հստակեցվել է, որոշ տեղերում այն Ադրբեջանի օգտնին էր, որոշ տեղերում՝ Հայաստանի, մոտավորապես հավասար համամասնություններով։ Նաև չորս անկլավներ փոխեցին իրենց փաստացի իրավասությունը՝ երեք փոքր ադրբեջանական անկլավներ և մեկ մեծ հայկական։ Կողմերի միջև կար չարտահայտված համաձայնություն, որը նաև արտացոլվեց բանակցություններում, որ այս հարցերը չեն բարձրացվի։ Այլ կերպ ասած, այս փաստացի փոխանակումն արդեն տեղի էր ունեցել։ Սա այն իրավիճակն է, որը գոյություն ուներ մինչև 2020 թվականը»։
2020 թվականից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, Ադրբեջանը, ինչպես նկարագրում է Միքայելանը, հենվելով ռազմական ուժի վրա, սկսեց վերադարձնել այն տարածքները, որոնք, ըստ խորհրդային քարտեզների, համարում էր իրենը։ Սա հանգեցրեց սահմանային վեճերի վերսկսման և կասկածի տակ դրեց բոլոր նախկին լուռ համաձայնագրերը։
Քաղաքագետը նշում է՝ 2020 թվականին Ալիևը որոշեց կրկին բարձրացնել անկլավների հարցը, բայց նոր ձևաչափով՝ միակողմանիորեն. Խորհրդային Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից վերահսկվող ամեն ինչ կմնա Ադրբեջանին, իսկ Խորհրդային Ադրբեջանի տարածքում Հայաստանի կողմից վերահսկվող ամեն ինչ Ադրբեջանը որոշեց ստանալ․ «Ավելին, երբ հայկական տարածքի վրա մի քանի հարձակումների ժամանակ Ադրբեջանը գրավեց ոչ միայն 250 քառակուսի կիլոմետր տարածք, այլև հյուսիսային սահմանի երկայնքով ռազմավարական առումով կարևոր բարձունքներ, առաջացավ երրորդ հարցը։ Համապատասխանաբար, Ադրբեջանն այժմ փորձում է իրականացնել իր մարտավարությունը։ Դժբախտաբար, Հայաստանի կառավարությունը դեմ չի գնում դրան։ Եթե խոսքը տարածքային փոխանակման մասին է, ապա ի՞նչ տեսակի տարածքային փոխանակման մասին է խոսքը՝ Հայաստանի կողմից վերահսկվող Ադրբեջանի ԽՍՀ հատվածները Հայկական ԽՍՀ տարածքի դիմա՞ց, թե՞ ինչ։ Անհասկանալի է»։
Միքայելյանը կասկածում է, որ անկլավների փոխանակման հարցը կդրվի հանրաքվեի։ Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են պատասխանատվությունը իրենցից տեղափոխել բնակչության վրա՝ հայտարարելով, որ տարածքային փոխանակումը կիրականացվի հանրաքվեի միջոցով։
«Սրանք ընդամենը խոսակցություններ են։ Մեծ տարբերություն կա բանակցությունների և իրական հանրաքվեի միջև։ Եվ ես կարծում եմ, որ հանրաքվե չի լինի, քանի որ Ադրբեջանը մտադրություն չունի իր անկլավները մեր անկլավներով փոխանակել»,-նշեց Միքայելյանը։ Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է բոլոր անկլավները, ու Ալիևն օգտագործում է իր ազդեցությունը բանակցություններում՝ դրան հասնելու համար։
«Այնուամենայնիվ, ես կասեի, որ ներկայիս կոնֆիգուրացիան, ըստ էության, օպտիմալ է Հայաստանի պաշտպանության համար: Անցյալ տարի Ադրբեջանը ստիպեց Հայաստանի իշխանություններին հանձնել Կիրանց գյուղի մոտ գտնվող սահմանային տարածքը՝ դրանով իսկ լրջորեն խաթարելով պաշտպանական գծերը: Բայց հիմա Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել այս ամբողջ պաշտպանական գիծը: Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում սա և պատրաստ են դա անել սահմանազատման քողի տակ, ապա դա նշանակում է, որ, ըստ էության, Հայաստանի արևելյան հատվածի ամբողջ պաշտպանությունը կոչնչացվի: Եվ եթե նրանք ասեն, որ սա ինչ-որ սահմանազատում է, դա որևէ կապ չունի սահմանազատման հետ, քանի որ սահմանը նախ պետք է գծվի: Խորհրդային ինքնավար սահմանները չեն կարող ավտոմատ կերպով դառնալ պետական սահմաններ: Ալմա Աթիի հռչակագիրը որևէ կապ չունի սահմանազատման հետ. Ալմա Աթիի հռչակագրում նման բան չկա, դա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Հետևաբար, այն, ինչ իշխանությունները ներկայումս ասում են, որևէ կապ չունի Հայաստանի շահերի կամ իրավական հարցերի հետ»,-ընդգծեց Հրանտ Միքայելյանը:
Միքայելյանը նաև նշեց, որ քարտեզին նայելը բավարար է հասկանալու համար, որ եթե Հայաստանը հրաժարվի Տիգրանաշենից, կկորցնի ոչ միայն Երասխը, այլև Վայոց ձոր և Սյունիք տանող միակ ճանապարհը։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը ցանկանա վերցնել Տիգրանաշենը, որը գտնվում է գլխավոր ճանապարհի ռազմավարական կետում՝ կապելով Հայաստանի հարավը Երևանի և հյուսիսի հետ, ապա կփակի այս ճանապարհը, ինչպես փակեց Գորիս-Կապան ճանապարհը և այլ ճանապարհներ։ Ըստ Միքայելյանի՝ ահա սա է Ադրբեջանի նպատակը։
Նա վստահ է, որ տարածքների հանձնումը Ադրբեջանին սահմանազատման քողի տակ կստեղծի նախադեպ, որը կարող է օգտագործվել հայկական տարածք հետագա առաջխաղացման համար։
Նրա կարծիքով՝ ցանկացած անկլավի հանձնումը, որը պատմականորեն հայկական տարածք է հնագույն ժամանակներից և ունի ռազմավարական նշանակություն, զգալիորեն կբարձրացնի Ադրբեջանի ռազմական ազդեցությունը Հայաստանում․ «Ավելին, անկլավներ մուտք գործելու և Ադրբեջանի մնացած մասի հետ կապը պահպանելու համար Ադրբեջանին անհրաժեշտ կլինի լրացուցիչ հայկական տարածք։ Արդյունքում, սա այլևս չի լինի անկլավի պարզ հանձնում։ «Մենք փաստացի ականատես ենք լինում հայկական տարածքների սողացող բռնակցմանը, և սա նոր փուլ է։ Այս նոր փուլով Ալիևը նկատի ունի անկլավի ձեռքբերումը։ Հայկական պետությունը պարզապես պատրաստ է հրաժարվել դրանից, ինչը կլինի ռազմավարական սխալ»։
Զաբելա Ավագյան
