Ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել․Դավթյան | Region

Ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել․Դավթյան

Նոյեմբեր 16,2025 18:57

Վաղարշապատում ընթացող համայնքապետի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությունները ի թիվս որոշ ընտրախախտումների, արձանագրել են նաև, որ ընտրացուցակներում անճշտություններ կան, մի քանի քաղաքացի ահազանգել է, որ ընտրացուցակում իր հասցեում անծանոթ մարդու տվյալներ են առկա։

Այսօր Վաղարշապատում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս խնդրին ասաց՝ ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել։

Նրա խոսքով՝ եթե ընտրական ցուցակում ընդգրկված է անձ, որը չունի ընտրելու իրավունք, դիցուկ մահացած անձի անուն է, սա ինչպե՞ս է ազդում ընտրությունների արդյունքների վրա. «Ընտրելու իրավունքը իրացնելու պահին է գեներացվում ընտրակեղծիքը, ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները ընտրակեղծիքների մասին չեն»։

Դավթյանն օրինակ բերեց, ասաց մի դեպք է եղել, երբ 1997 թվականին 20 հոգի հաշվառվել են շատ պատշաճ վարչարարության հիման վրա X հասցեում, և այլևս սեփականատերը այդ օրվանից ի վեր ՆԳՆ-ին դիմում չի ներկայացրել, որ այս մարդիկ այլևս իր տանը չեն բնակվում, որպեսզի հանեն հաշվառումից․ «Տվյալ մարդիկ էլ դիմում չեն ներկայացրել, որ մենք այլևս այս նոր հասցեում ենք։ Իրականում մեր գործող իրավակարգավորումը նախատեսում է, որ յոթ օրվա ընթացքում բնակության վայրը փոխած քաղաքացին պարտավորություն ունի լիազոր մարմնին տեղյակ պահելու և հաշվառումը փոխելու, բայց սա կենսունակ կարգավորում չէ։ Մենք նաև ունեցել ենք մի այսպիսի իրավիճակ, երբ սեփականատերը զարմացել էր, որ իր տանը անչափահաս անձ է հաշվառված։

Ես նշեմ, որ անչափահասը գրանցվում է ծնողներից մեկի հասցեով և սրա համար դիմում անհրաժեշտ չէ։ Այսինքն սեփականատերը համաձայնությունը տալիս է ծնողի համար, ուրեմն մեխանիկորեն նաև անչափահասներն են գրանցվում այդ հասցեով։ Այդ անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել»։

 

Նորություններ