«Գյումրի 2-ի Կիրիենկոյամերձ սցենարը Վաղարշապատում վիժեցվեց, երբ ես ու «Հանրապետություն»-ը որոշեցինք մասնակցել ընտրություններին»․ Հարություն Մկրտչյան
«Ընտրությունս կատարեցի հանուն ազատ, անկախ ու ինքիշխան Հայաստանի: Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև քեռակնոջ խնդրաքով ընտրության գնացողը արդեն գնացել է, հորեղբոր որդու խնդրանքով գնացողը խոստացել է, որ կգնա ժամը 3-ից հետո: Վաղարշապատ համայնքի բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենց ապագան կախված է իրենց քվեից, ու վախով կամ «խաթրով» ընտրության գնացողների ճանապարհը փակելու միակ ճանապարհը դա ընտրություններին ակտիվորեն մասնակցելն է,-այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վաղարշապատ համայնքի համայնքապետի ընտրություններին մասնակցող, «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը:
Նա ասաց, որ իրենց գլխավոր նպատակը 50+1 տոկոս քվե ստանալն է, չհաջողելու դեպքում էլ, վստահեցրեց, որ ընդդիմադիրների հետ չի համագործակցի․ «Հստակ կարող եմ ֆիքսել, որ երկու ձեռքս կկտրեմ, բայց քոչարյանասերժական և պրոռուսական ուժերի թեկնածուների ձեռքը քաղաքական առումով չեմ սեղմի: Թե ում հետ կոալիցիա կկազմենք, դեռ վաղ է խոսել, իսկ արդյոք մյուս թեկնածուները կմիանան մեզ՝ հարցրեք իրենց»:
Անդրադառնալով ընտրախախտումներին, նշեց, որ իր կամ իր թիմի կողմից այս ընթացքում լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրվել: Ամեն դեպքում հորդորեց օրինապահ մարմիններին գնալ ընտրախախոտւմների հետևից ու կանխարգելել դրանք:
Նա վստահեցրեց, որ հենց սկզբից էլ գիտակցել է, ում դեմ է պայքարում․«Ես դուրս եմ եկել պայքարի, գիտակցելով, որ կռիվ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ փողերի, ու նրա մի քանի թեկնածուների հետ: Առաջին հերթին իմ առաջ խնդիր եմ դրել թույլ չտալ Գյումրի 2 Վաղարշապատում: Այլևս կարող եմ վստահեցնել, որ Գյումրի 2-ի Կիրիենկոյամերձ սցենարը Վաղարշապատում վիժեցված է այն պահից, երբ ես ու «Հանրապետություն» կուսակցությունը որոշում կայացրինք մասնակցել ընտրություններին: Հիմա ես գնում եմ բացարձակ հաղթանակի»:
Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր https://regionstv.am/31768.html համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Նիկոլ Մարգարյան
