«Բանակ չգնալու համար են անում»․ՀՀ քաղաքացի ծնողները, որոնք երեխաներին չեն գրանցի ՀՀ-ում, նպաստ այլևս չեն ստանա | Region

«Բանակ չգնալու համար են անում»․ՀՀ քաղաքացի ծնողները, որոնք երեխաներին չեն գրանցի ՀՀ-ում, նպաստ այլևս չեն ստանա

Նոյեմբեր 20,2025 12:55

Հայաստանից դուրս ծնված և ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցմատյանում չգրանցված երեխաներին տարիներ շարունակ վճարվել է ծննդյան միանվագ  նպաստ ու ամսական 50 հազար դրամները, արդյունքում այդ ֆինանսները Հայաստանից դուրս են գնացել։ Հիմա այս խնդիրը կարգավորում ենք։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Արսեն Թորոսյանը։

«Նրանք՝ այդ երեխաները, ՀՀ քաղաքացիություն չեն վերցնում, չենք խոսում այդ մասին, բայց պարզ է՝ ինչու են այդպես վարվում ծնողները»,-ասաց Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․«Անտրամաբանական է, երբ դա իմացա․․․ ոչ մեկի մոտ հարց չի՞ ծագում՝ էդ գումարները Հայաստանից դուրս են գալիս, մենք արտագաղթն ենք ֆինանսավորում»։

Թորոսյանն էլ պատասխանեց․ «Երբ հասկացել ենք խնդիրը, փորձել ենք կարգավորել այն։ 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ ենք տվել, երեխաներ, որոնք ՀՀ քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն։ Հիմա կարգավորոմ ենք՝ ծնունդից հետո մեկ տարվա ընթացքում եթե կգան կգրանցվեն, կստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան գումարը։ Չեն գա, չեն գրանցվի, չեն ստանա։ Նույնը ամսական 50 հազարների դեպքում է, գրանցման պահից կստանան՝ եթե դա լինի նույնիսկ երկու, երեք տարեկանում, գրանցման պահից մինչև վեց տարեկանը կստանան»։

Թորոսյանն ասաց, որ միանվագ ծննդյան նպաստի դեպքում տարեկան 600 միլիոն դրամ է կազմել ծախսը, երբ այդ երեխաները ՀՀ-ում չեն ծնվել ու չունեն ՀՀ քաղաքացիություն։

«Պատկերացնո՞ւմ եք՝ քանի տասնյակ միլիարդ դրամ ՀՀ-ից դուրս է գնացել։ Պետական համակարգում ենք մենք բոլորս, ու ոչ մեկի մոտ հարց չի ծագել՝ էս ի՞նչ ենք անում։ Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանը վճարի։ Մարդիկ ստեղ աշխատեն, իրենք Մոնտե- Կառլոյում․․․ ամենայն հարգանքով, սիրում ենք բոլորին, բայց․․․ քանի դպրոց ու մանկապարտեզ կկառուցեինք, ինչքան ծառայություն կարելի էր մատուցել մեր էրեխեքի համար, իհարկե, նրանք էլ են մեր էրեխեքը»։

Փաշինյանը զուգահեռներ տարավ՝ թոշակի նման է, տարեկան մի անգամ կարող են գալ, Վարդավառին, գումարը ստանան ու  գնան։

«Այո, բանակ չգնալու համար են անում»,-հայտարարեց Փաշինյանն ու հետաքրքրվեց․«Բոլորը տղանե՞ր են»։

Արսեն Թորոսյանն էլ պնդեց՝  եթե վիճակագրություն հանենք, կպարզվի՝ այո։

Նախարարն ասաց, որ հիմա նախարարությունը լուծումներ է փնտրում, որպեսզի կենսաթոշակառուների դեպքում նման խնդիրը կարգավորեն։

Կառավարությունն այսօր ընդունեց օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում՝ անկախ նրա կարգաթվից։ Այսինքն, անկախ նրանից, թե ընտանիքում որերորդ երեխան է ծնվել, միանվագ նպաստի չափ է սահմանվում 500 հազար դրամ։

Նորություններ