Ընտրությունը վատթարագույն լուծման՝ պայմանագրի կամ նոր պատերազմի միջև է. քաղաքագետ
«Ադրբեջանին ամեն ինչ զիջում ենք, որ մեզ նեղություն չտա, բայց Ադրբեջանից տասնյակ անգամ ուժեղ պետության հետ թշնամական քաղաքականություն ենք վարում»,-REGIONTV-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով վերջին շրջանում հատկապես սրված Մոսկվա-Երևան, ՀԱՊԿ-Երևան հարաբերություններին:
«Աշխարհաքաղաքականության հիմքում դնել Իջևանի գյուղում սովորած մանկական հեքիաթները, ամենալավ բանը չէ, դա երկիրը կարող է հասցնել փորձանքի, այսպես շարունակվելու դեպքում հարավային փղերի հետ ենք հակադրվելու, ստացվում է՝ մենք մի կենդանուց ենք վախենում, որը ցուլ է»,-ավելացրեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Երևան-Բաքու բանակցություններին, Սուրենյանցն ընդգծեց՝ Բաքուն հասել է նրան, որ բանակցություններն առանց միջնոդների են շարունակվում. «Ինձ կհակադարձեն Գերմանիայի օրինակով. Գերմանիան ընդամենը բանակցային սեղան տրամադրող էր, որևէ պատասխանատվություն չի կրում ո՛չ բանակցությունների ընթացքի, ո՛չ դրանց բովանդակության, ո՛չ ձևաչափի, ո՛չ էլ ձեռք բերված արդյունքների մասով»:
«Առանց միջնոդների բանակցությունը հանգեցնելու է, որ Հայաստանին պարտադրվեն միակողմանի զիջումներ: Շանսեր կան հակամարտության ռեգիոնալացման, օրինակ, կարող են տեղափոխել 3+3 ձևաչափ, բայց իրենք որոշել են ամբողջությամբ ընդունել Ադրբեջանի օրակարգը, մենք հիմա ընտրություն ենք կատարելու վատթարագույն լուծման՝ պայմանագրի կամ նոր պատերազմի միջև»,-նշեց փորձագետը: