«Մասնագետները նշում են չոր կլիման, մենք էլ բնակիչներին հորդորում ենք՝ անհարկի խոզան չայրեն»․ՆԳՆ խոսնակը հրդեհների պատճառների մասին | Region

«Մասնագետները նշում են չոր կլիման, մենք էլ բնակիչներին հորդորում ենք՝ անհարկի խոզան չայրեն»․ՆԳՆ խոսնակը հրդեհների պատճառների մասին

Նոյեմբեր 26,2025 18:21

Տավուշի մարզում չորս կետերում բուսածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհներ են, չորս հատվածներում էլ հրշեջ փրկարարները ինտենսիվորեն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ բռնկված լայնածավալ հրդեհներին։

Նա մանրամասնեց, որ առաջին հատվածը «Լեռնային Հայաստան» առողջարանից դեպի սարի վերև անտառամերձ հատվածն է, երկրորդը՝ Դիլիջանի ոլորանների հատվածն է, երրորդը «Կազաչի» կոչվող հատվածն է, չորրորդը Նավուր կոչվող հատվածն է։

««Կազաչի» հատվածում, որը Տավուշի մարզից դեպի Լոռու մարզ ընկած տարածքում է, հրդեհը մեկուսացված է։ Այս պահին այստեղ և Դիլիջանի ոլորանների հատվածում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Ներգրավված են շուրջ 700 փրկարար ծառայողներ, մեր գործընկեր կառույցներից շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, բնակիչներ, ոստիկաններ։ Ներգրավված է նաև ՊՆ ուղղաթիռը, որը անդադար թռիչքներ է կատարում»,-ասաց Սարգսյանը։

Արդյոք հրդեհների բռնկման պատճառը պարզե՞լ են, կա՞ արդեն նախնական վարկած, այս հարցին ի պատասխան Սարգսյանը հստակ պատճառ ճնշեց, ասաց. «Տարբեր քննարկումներ կան, բայց մասնագետները հիմնականում նշում են չոր կլիման, որը նպաստող պայման է, և մենք էլ զուգահեռ մեր բնակիչներին մշտապես հորդորում ենք, որ անհարկի այրումներ չանեն, խոզան չայրեն։ Խոզանի այրումը վնասում է ինչպես հողի որակին, ազդում է կենսաբազմազանության վրա, այնպես էլ հնարավոր է նման չոր պայմաններում հրդեհի պատճառ հանդիսանալ»։

Հրդեհաշիջման աշխատանքներին միջազգային գործընկերների ներգրավելու անհրաժեշտության մասին էլ Սարգսյանն ասաց, որ այս պահին տեղի մարդկային ուժը, տեխնիկան բավարար է,  հրդեհաշիջման աշխատանքները պատշաճ իրականացվում են․«Այս պահի դրությամբ նման որևէ քննարկում չկա»։

Նա հայտնեց, որ հրդեհաշիջման ամբողջական աշխատանքների ավարտից հետո կհրապարակեն հրդեհների ընդհանուր տարածքը բոլոր տեղամասերում։

Սարգսյանը նշեց, որ պարբերաբար քամու ուժգնացում  է լինում, նշված հատվածներում հրշեջ-փրկարարները հերթապահություն են սահմանել անգամ մեկուսացված և կրակը մարած հատվածներում։

Նա հերքեց լուրերը, թե կրակը հասել է տներին կամ առողջարանին, վստահեցրեց՝ հրշեջ փրկարարները ահազանգը ստանալուն պես երեկ կեսօրից սկսել են հրդեհաշիջման աշխատանքները, կանխել են դեպի տներ ու առողջարան կրակի տարածումը։

 

 

Նորություններ