Այլընտրանքային առաջարկով Իրանը փորձում է զսպել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ. իրանցի փորձագետ
Իրանի դիրքորոշումն է, որ Սյունիքով անցնող, Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը լինի միայն Հայաստանի վերահսկողության տակ,-REGIONTV-ի հետ զրույցում հայտարարեց իրանցի փորձագետ Փույա Հոսեինին:
«Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու Հայաստանի հանդեպ իր նկրտումներից, Սյունիքը Ադրբեջանի ու Թուրքիայի տարիների երազանքն է, ամեն դեպքում Իրանը առաջարկել է այլ ճանապարհ տալ, որը մշտապես Ադրբեջանի համար բաց է եղել, հիմա ավելի բարեկարգ ճանապարհի առաջարկ է անում՝ փորձելով զսպել Ադրբեջանի ագրեսիան ու նկրտումները Հայաստանի հանդեպ»,-ավելացրեց Հոսեինին:
Ըստ փորձագետի՝ Իրանն ու Ադրբեջանը մեծ հակասություններ ունեն՝ նկատի ունենալով, որ չնայած այդ երկերների վերջին շրջանի շփումներին, Թեհրան-Բաքու դաշնակցային հարաբերություններ ձևավորվել չեն կարող. «Ադրբեջանը համագործակցում է Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ, խնդրահարույց է նաև Ադրբեջան-Թուրքիա մտերմությունը, որովհետև Թուրքիան տարածշրջանում Իրանի հիմնական մրցակիցներից է, մյուս հակասությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, Իրանի համար սա կարմիր գիծ է»:
Հայ-իրանական հարաբերությունները բարեկամական են, բայց ըստ քաղաքական վերլուծաբանի, Իրանը մտահոգություններ ունի արտատարածաշրջանային ուժերի ներթափանցման փորձերի հետ կապված, Հայաստանը մինչդեռ փորձում է վստահեցնել, որ Իրանը մտահոգվելու առիթ չունի: «Հայաստանի սահմանին տեղակայված ԵՄ դիտորդները մտահոգում են Իրանին: Այդ դիտորդները կուզենան ինչ-որ տվյալներ, ինֆորմացիա հավաքել Իրանի դեմ. դա է, որ մտահոգում է Իրանին, Հայաստանը փորձում է վստահեցնել, որ դիտորդները տարածաշրջանում Իրանի դեմ չեն գործում»,-նշեց փորձագետը: