Ադրբեջանում լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների ալիք է | Region

Ադրբեջանում լրագրողների և ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների ալիք է

Մարտ 12,2024 21:00

– Ադրբեջանում լրագրողների նոր ձերբակալություններ են.  

– Ինչո՞վ են պայմանավորված վերջին ձերբակալությունները.

– «Արտասահմանյան գործակալներ»՝ ըստ պաշտոնական Բաքվի.     

Արտահերթ նախագահական ընտրություններից մեկ ամիս անց Ադրբեջանի իշխանություններն ուժեղացնում են անկախ լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումները: Երկրում ձերբակալվել են «Թոփլում» TV-ի և «3-րդ Հանրապետություն» հարթակի աշխատակիցները: Մարտի 6-ին ձերբակալվել են «Թոփլում» անկախ առցանց հեռուստաալիքի հետ կապ ունեցող 9 լրագրողներ, ինչպես նաև առնվազն երեք քաղաքական ակտիվիստներ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խմբագրությունում եւ տներում խուզարկություններ են անցկացվել։

Երկրի քննչական մարմինները հայտնել են, որ կալանավորված անձինք մեղադրվում են մաքսանենգության մեջ։ Վերջիններս իրենց փաստաբանների միջոցով հայտարարել են իրենց անմեղության մասին։

«Թոփլում» TV-ն անկախ հեռուստատեսություն է, որը լուսաբանում է ամենօրյա հրատապ խնդիրները և հրապարակում է հետազոտություններ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի վերաբերյալ: Գլխավոր խմբագիր Խադիջա Իսմայիլը հայտարարել է, որ չգիտի, թե ինչը կարող է լինել հետապնդման պատճառը, գործեր հարուցելու իրավական հիմքեր չկան եւ որ սա երկրում բռնաճնշումների հերթական ալիքն է:

Ձերբակալված երեք ակտիվիստները՝ Ակիֆ Գուրբանովը, Արազ Ալիեւը եւ Ռուսլան Իզեթլին «3-րդ հանրապետություն» հարթակի ներկայացուցիչ են: Նրանք կողմ են նախագահի լիազորությունների սահմանափակմանը և Ադրբեջանի կառավարման խորհրդարանական ձևին անցնելուն։  Խուզարկություն է կատարվել նաև շարժման գրասենյակում։

Մինչ այդ՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ից սկսած, Ադրբեջանում ձերբակալվել էր մոտ 10 լրագրող։ Նրանց մեծ մասը «Աբզաս Մեդիա» հրատարակության և «13-րդ ալիք» ինտերնետ-ռեսուրսի աշխատակիցներն էին։ Մի քանի լրագրողներ և իրավապաշտպաններ ներկայումս պահվում են ադրբեջանական բանտերում: Իրավապաշտպանները, սակայն, լրագրողների հետապնդումը կապում են հակակոռուպցիոն հետաքննությունների հետ։

Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունները սկսվել են Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն 2023 թվականի նոյեմբերին ընդունեց Հայաստանի պաշտպանության մասին օրենքը, որը նախատեսում է ռազմական համագործակցություն Հայաստանի հետ, իսկ օգնությունը Ադրբեջանին դադարեցվեց։

Կրակի վրա յուղ լցրեցին USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի խոսքերը, որը Լեռնային Ղարաբաղից հայերի վերաբնակեցումը հարկադիր էր անվանել։  Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Twitter-ի իր էջում գրել է. «Ադրբեջանում այլևս չկա USAID-ի գործունեություն»։

Դրանից հետո Ադրբեջանի պետական և կառավարամետ ԶԼՄ-ներում անանուն հեղինակները սկսեցին նյութեր հրապարակել՝ պնդելով, թե Ադրբեջանում գործում են «ԱՄՆ գործակալական ցանցեր», USAID-ն և ամերիկյան այլ «դիվերսիոն կազմակերպություններ» աջակցում են «դիվերսիոն խմբերին», ինչը խախտում է ազգային գաղափարի և հասարակության ներդաշնակությունը։  Որպես այդ «գործակալական շղթայի» օղակներ հիշատակվում էին «Աբզաս մեդիան» և մի շարք այլ անկախ լրատվամիջոցներ։

Անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագետ Արաստուն Օրուջլուի խոսքով՝ այդ ձերբակալությունների պատճառը Ադրբեջանի կառավարության կողմից անկախ լրատվամիջոցներին խեղդելու փորձն է: Օրուջլուն պնդում է, որ տարիներ շարունակ իշխանություններին չի հաջողվել մշակել սեփական օպերատիվ տեղեկատվական քաղաքականությունը, ինչը հանգեցրել է տեղեկատվական տարածքի նկատմամբ վերահսկողության կորստի: Քանի որ իշխանամետ հեռուստաալիքները դիրքերը զիջում էին անկախ հարթակներին, հատկապես համացանցում, իշխանությունները սկսեցին վտանգ զգալ։  Փորձագետը Ադրբեջանում բռնաճնշումների նոր ալիքը կապում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի վերջերս կատարած այցի հետ: Արաստուն Օրուջլուի կարծիքով՝ ձերբակալությունները ձեռնտու են և Ռուսաստանին, և Ադրբեջանի իշխանություններին. վերջիններս բռնաճնշումների միջոցով դաշտը մաքրում են ընդդիմախոսներից: Արևմտյան ինստիտուտները բռնաճնշումներից հետո սովորաբար մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին ժողովրդավարական նորմերը խախտելու մեջ, Իսկ Ռուսաստանը, օգտվելով դրանից, փորձում է Ադրբեջանն ամբողջությամբ տարանջատել Արևմուտքից:

Հետապնդելով անկախ լրագրողներին՝ կառավարությունը փորձում է պահպանել իր իշխանությունը և ճնշել այլակարծությունը։

Ի դեպ, պատգամավոր Զահիդ Օրուջի հայտարարությունները խորհրդարանի վերջին նստաշրջանում լրագրողների ձերբակալման նախօրեին լայն մտահոգություն են առաջացրել Ադրբեջանում խոսքի ազատության և ժողովրդավարական սկզբունքների վիճակի վերաբերյալ: Օրուջը մատնանշում է նախագահ Իլհամ Ալիեւին քննադատողների չեզոքացման կարեւորությունը:

Միլլի Մեջլիսի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանի նիստում հայտարարել է. «պետության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենսդրությունը չի գործում, ամեն օր մենք ականատես ենք լինում տարբեր տեղեկատվական ցանցերում նախագահի և նրա ընտանիքի վրա համակարգված հարձակումների: Մենք չենք կարող անտեսել դա: Ժողովրդին պաշտպանող զինված ուժերի գլխավոր հրամանատարի դեմ իրականացվում է տեղեկատվական տեռորի և զրպարտության արշավ»:

Զահիդ Օրուջի խոսքով՝ գործընթացի գլխին կանգնած են OCCRP-ն եւ այլ կեղծ գաղտնի մեդիացանցեր, որոնք, անկասկած, կապված են ամերիկյան հետախուզության հետ։  «Երկրորդ խումբը կազմում են հայկական լոբբի կենտրոնները, Բոգոսյան-Գլյուքսման տանդեմը և ԼՂ  հարուստ ռեսուրսներն արդեն երկար տարիներ օգտագործող արտասահմանյան ընկերությունները, ինչպես նաև նրանց քաղաքական հովանավորները Եվրախորհրդարանում և Եվրոպայի խորհրդում»,-հայտարարել է Օրուջը։

Սակայն ադրբեջանցի պատգամավորների նման հայտարարություններն ու գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանում մամուլի ազատության և ժողովրդավարական սկզբունքների վերաբերյալ: Սա նշանակում է, որ Ադրբեջանի ուժային կառույցները հետապնդելու են քաղաքական վտարանդիներին և բլոգերներին իրենց քաղաքական հայացքների համար:

Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների ձերբակալությունները վաղուց քննադատության թիրախ են դարձել այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են «Լրագրողներ առանց սահմանների»-ն, «Amnesty International»-ը, Freedom House»-ը և այլն:

   Զաբելա Ավագյան

Նորություններ