Եթե Բաքուն վերահսկի այդ հատվածները, կկորցնենք կապը մեր գյուղերի հետ. քարտեզագետը` Տավուշի գյուղերի մասին | Region

Եթե Բաքուն վերահսկի այդ հատվածները, կկորցնենք կապը մեր գյուղերի հետ. քարտեզագետը` Տավուշի գյուղերի մասին

Մարտ 14,2024 11:00

Մինչև Ադրբեջանի զորքը Հայաստանի տարածքից դուրս չգա, Հայաստանն այդ երկրի հետ որևէ հարց չպետք է քննարկի,- կարծիք է հայտնում քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:

«Եթե Ադրբեջանի պահանջին մենք պահանջով չհակադարձենք, ոչ մի տեղ չենք հասնի»,-ասում է Գալչյանը՝ հիշեցնելով, որ մի շարք հատվածներում գյուղացիներն իրենց հողերը մշակել չեն կարողանում, որովհետև հարակից բարձունքները վերահսկում է Ադրբեջանը:

Մասնագետն անդրադարձել է Տավուշից 4 գյուղերը հանձնելու ադրբեջանական պահանջին: «Ադրբեջանին այդ տարածքները թողնելը նշանակում է վտանգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղիները: Այդ քաղաքներ, գյուղեր մտնող ճանապարհները տեղ-տեղ  մտնում են Ադրբեջան, դուրս գալիս Հայաստան, և եթե Ադրբեջանն այդ շրջանը հսկողության տակ վերցնի, մենք կկորցնենք ճանապարհը դեպի մեր գյուղերը, կփակվի Իջևան-Նոյեմբերյան մայրուղին»,- նշում է Գալչյանը:

Քարտեզագետի խոսքով՝ պատերազմի սպառնալիքով չպետք է զիջել այն, ինչ պահանջում են. «Խաղաղության պայմանագիրը երկու հարևանների միջև որևէ արժեք չունի, եթե մեկը շատ թույլ է, մյուսը՝ շատ ուժեղ, մենք պետք է մեր ռազմական ուժը հասցնենք նրան, որ ոչ միայն դիմադրենք, այլ ավելին անենք: Եթե այսօր համաձայնեցինք 4 գյուղը տալ, ի՞նչն է նրա առաջն առնելու, որ 1 ամիս հետո չպահանջի Սյունիքը, Սյունիքը հանձնեցինք, Վայոց ձորը կարող է պահանջել, Վայոց Ձորը հանձնեցինք, Սևանի կեսն է ուզելու»:

Նորություններ