Գանձասարի ժայռակերտ առյուծի հեղինակը՝ Արամ Ավագյանը հաստատվել է Գյումրիում․նա ավանակի կաթից թանկարժեք պանիր է պատրաստում
Ճակատագրի բերումով աշխարհով մեկ ցրված հայերը Գանձասարը ճանաչում են որպես Արցախի հոգևոր կենտրոն և քրիստոնեական սրբավայր, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Գանձասար այցելած շատերը տեսել են հայտնի քարե առյուծը՝ փորագրված անմիջապես ժայռի մեջ, որը խորհրդանշում է Արցախի զորությունն ու վեհությունը: Ժպտացող քարե առյուծը ստեղծել է նկարիչ Արամ Ավագյանը, որի անունը, հավանաբար, շատերին անհայտ է:
Ինչպես բոլոր արցախցիները, Արամ Ավագյանը նույնպես վերապրել է Արցախի շրջափակումը, 2023 թվականին ստիպված թողել իր տունը, ծննդավայրը, գերեզմանները, իր բազմամյա աշխատանքը և ամենաթանկ հիշողությունները։
Բռնի տեղահանումից հետո նա տեղափոխվել է Հայաստան, հիմա ապրում է Շիրակում, որտեղ շարունակում է ստեղծագործել՝ երբեք չկորցնելով կապը անցյալի հետ։
Արամը տարբեր արհեստների վարպետ է, ժողովրդի լեզվով ասած՝ ձեռքից ամեն ինչ գալիս է․ կարողանում է գեղեցկություն գտնել բազմազան նյութերի մեջ և իր գաղափարները կյանքի կոչել:
Նա ստեղծում է ձիերի արձանիկներ: Դա երկար և աշխատատար գործընթաց է: Սկզբում նա ֆիգուրները ձուլում է պլաստիլինից, ապա դրանք տեղափոխում է կարծր նյութերի վրա՝ բրոնզ, ձուլածո մարմար, կերամիկա և այլն: Նրա նրբագեղ ձիերը շարժման մեջ են: Յուրաքանչյուր մանրուք՝ սկսած ծածանվող բաշից մինչև ուժեղ, մկանուտ ոտքերը, պատրաստված է սիրով և ուշադրությամբ:
Այս աշխատանքները կարելի է պատվիրել արցախցի անհատ ձեռնարկատեր Արամ Ավագյանից։ Ընկերությունը շուտով պետական գրանցում կստանա «ՆԺՈՒՅԳ» անվամբ։
RegionsTV-ի հետ զրույցում Արամ Ավագյանը մանրամասն պատմում է Արցախի, իր ընկերների և գործընկերների, իրականացված և չիրականացված երազանքների մասին, Ասկերանի շրջանի իր հայրենի Ռև գյուղը էկոտուրիզմի, հայտնի ղարաբաղյան ցեղատեսակի ձիերի բուծման կենտրոնի վերածելու իր գաղափարի մասին։ Արամը ամաչում է իր նախնիների գերեզմանները լքելու համար, բայց իր երեխաների և թոռների կյանքը փրկելու համար նա ստիպված է եղել հեռանալ, ինչպես ամբողջ Արցախի բնակչությունը։
Արցախը լքել է իր բեռնատարով՝ կնոջ, երեխաների, հարազատների և կնքամոր ընտանիքի հետ։ Նա իր հետ վերցրել է ընտանեկան ալբոմներն ու լուսանկարները, բայց բոլոր մրցանակները թողել տանը։
«Ես ուզում էի ինձ հետ վերցնել իմ մաքրարյուն ձիերին։ Բայց հենց որ բեռնատարը մտավ բակ, հարևանուհիներս՝ երկու կին, խնդրեցին բեռնել իրենց իրերը։ Նրանք կարծում էին, որ ես իմ իրերն եմ վերցնում, և լեզուս չպտտվեց ասելու, որ ուզում եմ իմ ձիերին վերցնել։ Նրանք բեռնեցին այն ամենը, ինչ կարող էին։ Ճանապարհին մեզ միացավ ութ հոգանոց ընտանիք, որոնցից հինգը երեխաներ էին։ Նրանց «Ժիգուլի» մեքենան փչացել էր, և ես կանգ առա օգնելու համար։ Մենք նրանց իրերը տեղափոխեցինք մեր մեքենայի մեջ և շարունակեցինք ճանապարհը՝ «Ժիգուլին» թողնելով այնտեղ։ Երկու օր մնացինք Գորիսում, որպեսզի հասկանանք, թե ուր գնանք։ Իմ փեսան, նրա դուստրը և եղբայրները բնակության վայր էին փնտրում՝ ըստ հայտարարության։ Ահա այսպես մենք մենք հայտնվեցինք Գյումրիում»,-պատմում է Արամը։
Նրան շատերը ճանաչում են որպես հայրենասեր և քաջարի մարտիկ, որը մասնակցել է բոլոր պատերազմներին և քաջաբար պայքարել է Արցախի ազատության համար։ Նա աշխարհազորի հիմնադիրն ու հրամանատարն էր։ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության համար Արամ Ավագյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով, Դրաստամատ Կանայանի և «Արիության համար» մեդալներով, ի թիվս այլոց, Շուշիի, Մարտակերտի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի ազատագրմանը մասնակցելու համար։
Արամ Ավագյանը նկարիչ, քանդակագործ, դիզայներ, բուսաբուժ, հիպոթերապևտ է։ Գեղեցկության հանդեպ նրա կիրքը դրսևորվեց լանդշաֆտային դիզայնի և ճարտարապետության ուսումնասիրության մեջ, մինչդեռ գործնական միտքը թույլ տվեց նրան իրացնել իր ներուժը ինժեներական ոլորտում։
«Մանկուց ես լավ էի նկարում բնապատկեր, հետո հետաքրքրվեցի դենդրոլոգիայով։ Իմ բակում ստեղծեցի տնկարան, որտեղ աճեցրի մեր կլիմային համապաստախան լանդշաֆտային ձևավորման համար Արցախում աճող բույսեր։ Այնուհետև զբաղվեցի ճարտարապետությամբ և ճարտարագիտությամբ՝ փորձեցի ամեն ինչ, և աստիճանաբար ամեն ինչ ստացվեց»,-ասում է Արամը։
Պատմում է, թե ինչպես է իր նախնիների Ռև գյուղում զտարյուն ձիեր բուծել, մեծ երամակ էր պահում։ 2020 թվականին նա ուներ 22 ձի, մեկ ջորի և 43 էշ։ Ձիերի հետ աշխատելու իր մեծ փորձը Արամին դրդեց սկսել հիպոթերապիայով զբաղվել։
Բացի այս, Արամը ավանակի կաթից իսկական դելիկատես՝ պանիր էր պատրաստում։ Ասում է՝ աշխարհի ամենաթանկ պանրի տեսակներից մեկը հենց ավանակի կաթից են պատրաստում, մեկ կիլոգրամը՝ մոտ 1000 դոլար։
Պատմում է՝ աշխարհում այս տեսակի պանրի չորս հայտնի արտադրող կա՝ Ֆրանսիա, Հունաստան, Սերբիա և Իտալիա։ Կաթի ցածր յուղայնության պատճառով նրանք այծի կաթ են ավելացնում, որպեսզի այն խտանա։ Բայց Արամը լիովին անկեղծ է՝ նրա պանիրը 100% մաքուր է։ Եվ կաթի խտանալն ապահովելու համար նա ունի իր սեփական գաղտնիքը։
«Արցախում, փորձերի ու սխալների միջոցով, չխնայելով ո՛չ կաթ, ո՛չ էլ ժամանակ, ես հայտնաբերեցի ավանակի կաթից մաքուր պանիր արտադրելու միջոց՝ առանց որևէ հավելումների կամ քիմիական նյութերի: Ես ստացա մաքուր արտադրանք: Վակուումային փաթեթավորման համար ես պատրաստեցի 200, 150 և 250 գրամանոց մեղրամոմի տարաներ: Պանիրը բուժում է արյան հետ կապված տարբեր հիվանդություններ: Ի դեպ, ավանակի կաթի մեկ լիտրն Արցախում արժեր 30,000 դրամ»,-ասում է Արամը:
Նա վստահեցնում է՝ իր այդ պանրի նմուշը Երևանում լաբորատոր փորձարկման է ենթարկվել, արդյունքները դրական են եղել՝ առանց կողմնակի ազդեցությունների։ Նշում է, որ ավանակի կաթի համն, ի տարբերություն այլ կաթնամթերքի, չեզոք է, ուղղակի շատ թեթև վանիլային պաղպաղակի կողմնակի համ ունի, իսկ հոտ ընդհանրապես չունի։
Արամն ասում է, որ բռնի տեղահանումից հետո, երբ բնակություն հաստատեց Գյումրիում, ծանր հոգեբանական վիճակում էր, պայքարում էր սթրեսի, դեպրեսիայի և այլ խանգարումների դեմ․ «Այն ամենը, ինչ մենք՝ արցախցիներս տեսել ու ապրել ենք, հանգեցրել է առողջական խնդիրների, շատ արցախցիներ տառապում են բազմազան հիվանդություններից: Մեկ օրում մազերս գրեթե ամբողջությամբ թափվեցին: Ես օգտագործեցի իմ սեփական մեթոդները՝ ինձ բուժելու և նյարդային համակարգս հավասարակշռության բերելու համար»:
Արամը հիմա աշխատանքի պատվերներ ունի․ անցյալ գարնանը նրան խնդրել են Ախուրյանում ստեղծել օբյեկտ՝ ջրվեժով, արհեստական սահանքներով․« Անցյալ աշնանը, երբ ավարտում էի աշխատանքս, ինձ հրավիրեցին Աբովյան՝ առյուծի ժայռաքանդակ ստեղծելու, Վանքում պատրաստածի նման: Վանքում առյուծն ինձ համար ուժի և հպարտության խորհրդանիշ էր, հայրենիքս է հիշեցնում: Այնտեղ նույն մասշտաբի և ձևի ժայռ չկար, ինչ Արցախում, ուստի ես ստիպված էի մի քիչ տարբերվող բան ստեղծել։ Իհարկե, դա նույնը չէ, ինչ բնական քարի հետ աշխատելը, ու թեև ժայռ չկար, ես փորձեցի փոխանցել նույն ուժն ու վեհությունը»:
Գանձասարի առյուծի քանդակը ոչնչացրել են Ադրբեջանի իշխանությունները: 2023 թվականից հետո Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական հուշարձանները, մշակութային ժառանգությունն ու պատմական հիշողությունը:
Չնայած դժվարություններին՝ Արամը թևաթափ չի լինում, չի կորցնում հույսը, որ իր բիզնեսը վերականգնելու է։ Նա այժմ ունի փոքրիկ արհեստանոց, որտեղ սկսել է ձիերի արձանիկներ պատրաստել։
Հիմա նաև ավանակի կաթ է ստանում Եղվարդից, մեծ քանակությամբ պանիր է պատրաստում մի քանի ռեստորաններին վաճառելու համար։ Արդեն որոշ պայմանավորվածություններ ունի Երևանում։
Նա նաև կոսմետիկ քսուքներ է պատրաստում ավանակի կաթից։ Ասում է, որ պետք է լիցենզի ստանա, հիմա փաստաթղթերն է կարգի բերում։ Երբ լաբորատոր փորձարկումներն ավարտվեն և բոլոր փաստաթղթերը ստացվեն, Արամ Ավագյանը մտադիր է բուժկենտրոն բացել Շիրակում։
Զաբելա Ավագյան
