Հնարավո՞ր է հաջողել հեռավոր գյուղում․ Արաբաչյանների ընտանիքի օրինակն Այգուտից
Սարգիս Արաբաչյանի ընտանիքը բնակվում է Արագածոտնի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղում։ Սարգիսն ունի 3 որդի և 1 դուստր։ Հեռավոր այս գյուղում կնոջ և որդիների հետ մեծ տնտեսություն է հիմնել, օրնիբուն աշխատում են, նոր հարմարություններ ստեղծում։ Նրանց կառուցած Արաբաչյան հյուրատունը պատրաստ է ընդունել հյուրերին, այժմ լողավազան են կառուցում, բարեկարգում տարածքը։
Սարգիս Արաբաչյանի որդիներից մեկը՝ Շահենը, Սլովենիայում կայացած ռոբոտաշինության օլիմպիադայում ոսկե մեդալի է արժանացել, իսկ Սինգապուրում՝ արծաթե։ Մյուս որդիները ևս լավ մասնագետներ են, միշտ հոր կողքին են, թև ու թիկունք են նրան։ Գյուղում խանութ ունեն, աշխատում են միասին, միասին էլ վայելում այդ աշխատանքի պտուղները։
Չնայած գյուղոլորտում առկա խնդիրներին, զբաղվում են նաև մեղվապահությամբ և անասնապահությամբ։ Սարգիս Արաբաչյանը Regions TV-ի հետ զրույցում խոսել է գյուղում ապրելու առավելությունների ու դժվարությունների, ընտանիքով աշխատելու կարևորության մասին: Ասում է՝ գյուղում ապրելն ու աշխատելը հեշտ չէ, սակայն երբ ընտանիքը միասնական է և նպատակ ունի, հնարավոր է հաջողության հասնել անգամ հեռավոր բնակավայրում։
Սարգիս Արաբաչյանի խոսքով՝ իր ամենամեծ հպարտությունը երեխաների հաջողություններն են, կարևոր է նրանց կրթություն տալ, խրախուսել նրանց հետաքրքրությունները և միաժամանակ կապել հայրենի գյուղի հետ։
Արաբաչյանների ընտանիքը փորձում է զարգացնել ոչ միայն սեփական տնտեսությունը, այլև նպաստել գյուղի աշխուժացմանը։ Ընտանիքի հայրը վստահ է, որ եթե գյուղերում ստեղծվեն աշխատելու և զարգանալու պայմաններ, շատ երիտասարդներ չեն լքի իրենց հայրենի բնակավայրերը։
