Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան | Region

Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան

Մարտ 20,2024 18:09

Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա: Կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, ինչի քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե կա՞ կոնկրետ փաստաթուղթ, քարտեզ, որով պետք է կատարվի սահմանազատումը:

«Ի՞նչ է նշանակում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել սահմանազատում, դա նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է Խորհրդային Միության ամենավերջին՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերարտահայտել գետնի վրա, այսինքն՝ այն տրամաբանությունը, որով առաջնորդվում ենք, դա է»,- ասաց վարչապետը:

Նորություններ