Անկախության հռչակագիրը պետության ծննդականն է․ այն Սահմանադրությունից հեռացնելը նահանջ է ազգային ինքնության և ինքնիշխանության ամրապնդման ճանապարհից․ Սարգսյան | Region

Անկախության հռչակագիրը պետության ծննդականն է․ այն Սահմանադրությունից հեռացնելը նահանջ է ազգային ինքնության և ինքնիշխանության ամրապնդման ճանապարհից․ Սարգսյան

Մարտ 25,2026 17:01

Անկախության հռչակագիրը հնարավոր չէ չեղարկել ընդամենը մեկի ցանկությամբ։ Այն անկախ Հայաստանի «ծննդականն» է։ Սահմանադրությունից Հռչակագրի հիշատակումը հեռացնելով՝ մենք պարզապես համաձայնում ենք Ալիևի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պահանջին՝ լեգիտիմացնելու նրանց թեզերը։

Մեկնաբանելով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունները՝ քաղաքագետ Մանվել Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնում՝ Հռչակագրի հիշատակումը հանելը կդիտվի որպես նահանջ ազգային ինքնության և ինքնիշխանության ամրապնդման գործում։

Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում, ինչով էլ դրվեց անկախության ձեռքբերման գործընթացի հիմքը։ Ըստ Հռչակագրի՝ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։

Փորձագետի գնահատմամբ՝ Հռչակագիրն ինքնին արտահայտում է վերաբերմունքը պետության հանդեպ. այնտեղ մատնանշված է, թե ով է կառուցում և ինչ պետություն է դա, որոնք են դրա նպատակները, տարածքը, գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը։

«Հռչակագրի նախաբանում նշված էր, որ անկախ Հայաստանը ստեղծվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման հիման վրա և հանդիսանում է 1918թ. անկախ Հայաստանի իրավահաջորդը։ Այս հռչակագիրը սահմանում էր Հայաստան պետության տարածքը՝ հիմնված ԼՂԻՄ-ի և ՀԽՍՀ-ի վերամիավորման վրա։ Անկախության ձեռքբերման հաջորդ փուլը 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն էր։ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը, իսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն»,- նշեց նա։

RegionsTV-ի հետ զրույցում Մանվել Սարգսյանն ընդգծեց, որ փաստացի ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իրավաբանորեն գոյություն ունի 1989 թվականին սահմանված տարածքում։ «Հռչակագիրը խոսում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Ըստ Ալիևի՝ եթե Փաշինյանը չհամաձայնի այս պայմանին, խաղաղություն չի լինի։ Ալիևը պնդում է, որ հանրաքվեի միջոցով 90-ականներին հռչակված հանրապետությունից պետք է հրաժարվի Հայաստանի ժողովուրդը, այլ ոչ թե Հայաստանի որևէ իշխանություն։ Չնայած Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «մենք այս հարցը չենք քննարկել որևէ օտարերկրյա տերության հետ, չենք քննարկում և չենք քննարկելու», նա փորձելու է համոզել հանրությանը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մեջ»,- շեշտեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Անկախության հռչակագրի և մեր Սահմանադրության խնդիրը ներքին հարց է, քանի որ դա մեզ է անհրաժեշտ աշխարհում ճիշտ դիրքավորվելու համար։ Ըստ նրա՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է.

«Պատկերացրեք՝ դուք տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք նույն հարկաբաժնում և սպառնում եք ձեր դիմացի, կողքի և մյուս կողմի հարևաններին՝ դրանով իսկ հռչակելով ձեր անկախությունը։ Ի՞նչ է սա նշանակում։ Ինչպե՞ս եք ապրելու նման սպառնալիքների պայմաններում այդ միջավայրում»։

Իր հերթին, մարտի 23-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը բանակցությունների ընթացքում չի պահանջում փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ, սակայն զգուշացրել է, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, եթե գործող դրույթները մնան ուժի մեջ։ Այնուամենայնիվ, Միրզոյանի և վարչապետի հայացքները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբերվում են. Փաշինյանը երկրի Անկախության հռչակագիրը որակում է որպես սպառնալիք։

Մանվել Սարգսյանը նշեց, որ Հռչակագրում փոփոխությունները կախված են հայկական պետականության հարցի նկատմամբ փիլիսոփայական մոտեցումից։ Ըստ փորձագետի՝ նույնիսկ 100 տարի առաջ, երբ այս պետությունը ձևավորվում էր, գոյություն ունեին լիովին տարբեր գնահատականներ, որոնք երբեք չբերեցին կոնսենսուսի հայ ժողովրդի շրջանում․« Մինչ օրս պահպանվում է ավանդական բանաձևը՝ հայկական պետությունը կարող է գոյություն ունենալ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանին հատկացված տարածքում։ Սա Թուրքիայի հետ հաշտվելու և նրա պայմաններին համաձայնելու նախապայմանն է. Հայաստանը չպետք է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձնի իր արտաքին քաղաքականության անկյունաքարը։ Այս տեսանկյունից Փաշինյանը գտնում է, որ քանի որ Հռչակագիրը սահմանում է հայկական պետականությունը «միացումի» հիման վրա, դա կոնֆլիկտ է ստեղծում Թուրքիայի հետ։ Հետևաբար, ըստ նրա, այդ Հռչակագիրը պայմաններ չի ստեղծում Հայաստանի գոյության և զարգացման համար»։

RegionsTV-ի զրուցակիցը նշեց, որ կա նաև մեկ այլ՝ «սփյուռքյան հայեցակարգը», որն առաջնահերթ է համարում Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը՝ ներառյալ Անկարայի կողմից, ինչը կենթադրեր տարածքների վերադարձ և փոխհատուցում։

Սարգսյանի գնահատմամբ՝ ներկայումս իշխանությունների կողմից առաջ մղվող բանաձևերից մեկը Թուրքիայի հետ ամեն գնով հաշտվելն է, որն այժմ անվանում են «հարաբերությունների կարգավորում»։

«Ես միշտ նշում եմ, որ գոյություն չունի ազգային ինքնորոշման վրա հիմնված իսկապես ինքնիշխան ռազմավարություն։ Թուրքերն իրենք են որոշել իրենց ճակատագիրը, իսկ ադրբեջանցիները ձգտում են դրան։ Մենք երբեք չենք ունեցել ինքնորոշում՝ ո՛չ Առաջին Հանրապետության տարիներին, ո՛չ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Եղավ փորձ, բայց այն ձախողվեց կես ճանապարհին։ Ցավոք, մեզ մոտ քաղաքականության մեջ լուրջ չեն վերաբերվում ինքնորոշման հայեցակարգին, հենց այդտեղից էլ գալիս են միայն արտաքին գործոններին ուղղված մոտեցումները»,- եզրափակեց Մանվել Սարգսյանը։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ