«Գնայիր զոհվեիր, դու խի ես կենդանի, այ տականք։ Շահրամանյանը ինչի ա կենդանի»․Փաշինյանը արցախցուն
Արաբկիրում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ։
Նրան էր մոտեցել Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանն ու մի քանի հարց ուղղել։
Օսիպյանը նախ հետաքրքրվեց՝ փաստաթղթեր էիք հրապարակել, կարո՞ղ եք դրանցից մի տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է լինելու։ Փաշինյանը հիշեցրեց Լիսաբոնի գագաթնաժողովը․ ըստ որի Ղարաբաղի հարցը պետք է լուծվեր ինքնորոշման սկզբունքի վրա՝ ԼՂ-ին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում․«Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ, որ ՂԼ հարցն այլ կերպ է լուծելու»։
Օսիպյանն էլ հշեցրեց, որ հայկական կողմը Լիսաբոնի որոշման վրա վետտո է դրել։
Ապա նա պնդեց, որ 2019-ին Փաշինյանի սեղանին դրված փաստաթղթերը, որոնց վարչապետը հղում է արել, նման բան չկար գրած, հակառակը՝ գրված էր՝ կարգավիճակը հանրաքվեի միջոցով պետք է որոշվեր։ Փաշինյանն արձագանքեց՝ դե եթե այդպես էր, թող արվեր, մինչև 2019-ը թող լիներ։ Փաշինյանը պնդեց նախկինում բազմաթիվ անգամ արած իր հայտարարությունը՝ Արցախի հարցը չէր կարող լուծվել այլ կերպ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելով։
Հետո Օսիպյանը մեղադրեց Փաշինյանին, որ նա Արցախում աջակցել է Արայիկ Հարությունյանին, որը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել․«Էն որ մենք Արցախում պայքարում էինք կլանի դեմ, դուք այդ կլանին միլիարդնեով սնում էիք»։
«Մենք ժողովրդին ենք սնել»,-ասաց Փաշինյանը։
«Մենք պայքարում էինք թալանչիների դեմ, դուք թալանի վրա աչք էիք փակում»,-շարունակեց Օսիպյանը։
Ապա երբ Օսիպյանը Ալիևի խոսքերը հիշեցրեց, Փաշինյանը հունից դուրս եկավ։
«Ալիևը պահանջ է դրել, որ Ադրբեաջնի փախստականները պիտի վերադառնան»,-ասաց Օսպիյանը։ Փաշինյանը պնդեց՝ ո՞ւմ առաջ է նման պահանջ դրել, մեր օրակարգում նման բան չկա։Օսիպյանը նշեց՝ Ալիևն է ասում։
«Իր ասելով չի, ի՞նչ ես եկել ադրբեջանական նարատիվներ առաջ տանում»,-ասաց Փաշինյանը՝ ձայնի տոնը բարձրացնելով։
«Մի քիչ ցածր խոսեք, ձեր դեմը ո՛չ Սերժ կա, ո՛չ Քոչարյան, որ կեղտում խրված լինի, դուք էլ մատ թափ տաք, իմ վրա մատ թափ չտաք»,-հորդորեց Օսպիյանը։
Փաշինյանի աջակիցները սկսեցին բացականչել «Նիկոլ, վարչապետ»։
Վարչապետն այլևս չցանկացավ լսել Օսիպյանին, շրջվեց, որ գնա, ասելով․«Ռադդ քաշի, համբալի մեկը»։
Քաշքշուկ սկվեց, երբ Փաշինյանը մի քայլ հեռացավ, հետո վերադարձավ, նրա ներկայությամբ շարունակվում էր քաշքշուկը։
Փաշինյանը բարձրախոսով ավելի բարձր տոնով ու վիրավորանքներով շարունակեց․«
Էս Ղարաբաղի փսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից, գնան ընդհանրապես։ Արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքեր են սրանք։ Արթուր Օսիպյանն եմ, գլուխդ պատովն ես տվել, գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Գնայիր զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, այ տականք։ Շահրամանյանը ինչի՞ ա կենդանի»։
Քիչ առաջ փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, հեռախոսն անջատված է, հարազատները նրա գտնվելու մասին որևէ տեղեկություն չունեն, Օսիպյանի ֆեյսբուքյան էջն էլ հեռացված է համացանցից։
