«Ունենք պարտված ընդդիմություն և չհաղթած իշխանություններ»․ քաղաքագետ
Լուսանկարը՝ ԱԲ-ի
«Հայաստանում այս ընտրություններով բավականին բարդ իրավիճակ ստեղծվեց, որովհետև ունենք պարտված ընդդիմություն և չհաղթած իշխանություններ։ Իրենք խորհրդարանում 60 տոկոս վստահություն ունեն, բայց հասարակության մեջ 50 տոկոսից պակաս է, իսկ առաջիկայում հանրաքվեի դեպքում պիտի լինի 50-ից ավելի։ Եվ եթե մինչև հիմա ընդդիմադիր ուժերն ինչ-որ տեղ իրար դեմ էին նաև պայքարում, որպեսզի ավելի շատ քվե ստանային, ապա հանրաքվեի դեպքում «այո» կամ «ոչ» է լինելու, և ընդդիմությունը համախմբվելու ավելի լուրջ շանս է ունենալու»։ Regions TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, քարտեզագետ Արմեն Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ սա այն դեպքն է, երբ ընտրություններով գործընթացը ոչ թե ավարտվում, այլ միայն սկսվում է, որովհետև առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք սահմանադրական փոփոխության հանրաքվե, ինչը նշանակում է նոր քարոզարշավ, նոր համաժողովրդական մասնակցություն, նոր ջրբաժան։
«Փողոցային պայքարի տարբերակը ոչ կարող եմ բացառել, ոչ՝ չբացառել։ Միայն մի բան կասեմ՝ եթե ընդդիմությունը կարողանա հիմնավոր փաստերով ցույց տա, որ ընտրակեղծիքներ են եղել, այդ դեպքում այդ պայքարն իմաստ ունի, եթե չպիտի կարողանան դա հիմնավորել, դուրս գան փողոց և ասեն՝ էս ինչի մենք պարտվեցինք, դա անիմաստ եմ համարում»,-նշեց քաղաքագետը։
