Իսրայելի կառավարությունը միակողմանիորեն քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին. The Jerusalem Post
Իսրայելի կառավարությունը կիրակի օրը քվեարկեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին՝ նախորդ շաբաթվա վերջին արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից ներկայացված բանաձևի առաջարկից հետո:
Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը.
Լրատվամիջոցեը գրում է՝ Թուրքիան հերքում է, որ հայերի կոտորածները, բանտարկությունները և բռնի տեղահանությունները հավասարազոր են ցեղասպանության, իսկ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր դրա ճանաչումից՝ դիվանագիտական զգայունության պատճառով:
«Իսրայելի կառավարությունը կարճ ժամանակ առաջ հավանություն տվեց իմ ներկայացրած բանաձևին, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»,-քվեարկությունից հետո ասել է Սաարը: «Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ»,-նշել է նա:
«Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերի շուրջ իրական վեճ չկա, ներառում էր 1,5 միլիոն մարդու սպանություն և հնագույն մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,-հայտարարել է Իսրաելի արտաքին գործերի նախարարը։
Գիդեոն Սաարը հավելել է․« Իմ կարծիքով, դա մեր բարոյական պարտականությունն է որպես հրեաների, և անշուշտ՝ որպես հրեա ժողովրդի պետության, ընդունել այն որոշումը, որին այսօր հավանություն տվեցինք»։
Այժմ նախատեսվում է առաջարկը ներկայացնել Քնեսետի՝ Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը։
«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը թե՛ բարոյական, թե՛ պատմական պարտք է»,-հինգշաբթի օրը X/Twitter-ի իր գրառման մեջ ասել էր Սաարը՝ հայտարարելով բանաձևի մասին: «Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած հերքում, նվազեցում կամ խեղաթյուրում»,-գրել է Գիդեոն Սաարը։
Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ հավելել է, որ չնայած լայնորեն փաստագրված լինելուն, ցեղասպանությունը ենթարկվել է «հերքման և նվազեցման ինստիտուցիոնալացված արշավի», որն առաջին հերթին գլխավորում է Թուրքիան:
Լրատվամիջոցը հիշեցնում է՝ 2026 թվականի դրությամբ ՄԱԿ-ի 32 անդամ պետություններ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը և Գերմանիան, պաշտոնապես ճանաչել են ցեղասպանությունը: Սուրբ Աթոռը (Վատիկանը) և Եվրոպական խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել են ցեղասպանությունը:
Նկատենք, որ Անկարայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների ծայրահեղ լարման ընթացում Իսրայելի քաղաքական դաշտում ակտիվացել է ցեղասպանության ճանաչման թեման։ Նախկինում եղել են մի քանի լուրջ դեպքեր, երբ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին Իսրայելը «սպառնացել» է Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչմամբ (խորհրդարանական քննարկումների մակարդակով), բայց սա առաջին դեպքն է, որ երկրի կառավարությունը պաշտոնական որոշում է կայացնում և այն ուղարկում խորհրդարան։
Տարիների ընթացքում Քնեսետի առանձին պատգամավորներ կամ հանձնաժողովներ (հատկապես Կրթության և մշակույթի հանձնաժողովը) բազմիցս փորձել են ճանաչման բանաձևեր առաջ քաշել կամ ճանաչել են հանձնաժողովի մակարդակով։ Սակայն, ամեն անգամ, երբ խորհրդարանում հարցը մոտեցել է լիագումար նիստում պաշտոնական քվեարկության, Իսրայելի կառավարությունը (ԱԳՆ-ն կամ վարչապետի աշխատակազմը) միջամտել և տապալել է քվեարկությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար։
