Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում. Ադրբեջանը նոր էսկալացիա է հրահրում | Region

Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում. Ադրբեջանը նոր էսկալացիա է հրահրում

Ապրիլ 03,2024 12:30

– ԵՄ-ն և ԱՄՆ-ն առաջին անգամ բացահայտ նախազգուշացրել են Ադրբեջանին սահմանային լարվածության աճի մասին:

– Ինչի՞ մասին են վկայում Բաքվի վերջին գործողությունները:     

Ապրիլի 5-ին Բրյուսելում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Նման ձևաչափով հանդիպումն անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է։ Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը կհանդիպի ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ապագա ռազմավարական գործընթացները:

Այդ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի մասնակցության մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն անցկացվում է միայն հայկական կողմի հետ բանակցությունների համար։ Սակայն այն փաստը, որ Ալիեւը չի հրավիրվել հանդիպմանը, դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, եւ այդ պատճառով Ադրբեջանը սրում է իրավիճակը՝ փորձելով խափանել Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Հայաստանը շարունակում է զորքեր կենտրոնացնել և հարձակողական բնույթի հենակետեր կառուցել Ադրբեջանի հետ պայմանական սահմանին, իսկ զինված ուժերը սահմանային գոտու տարբեր ուղղություններով կուտակում են անձնակազմ, զրահատեխնիկա, հրետանի և կրակային այլ միջոցներ, իրականացնում ակտիվ տեղաշարժեր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է նաև վերջին ամիսներին թիկունքային հատվածներում իրականացված ինժեներական, ամրաշինական և, ընդհանրապես, պաշտպանական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների մոնտաժված կադրերը՝ փորձելով այդ կերպ դրանք ներկայացնել որպես վերջին մի քանի օրերին առաջնագծում ակտիվ աշխատանքներ և կուտակումներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և ուղղված են երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը: ՀՀ ՊՆ-ն վերջին շրջանում կայուն է գնահատում հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով օպերատիվ իրավիճակը և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, ուստի զորքերի կենտրոնացման մասին տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Սակայն ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում և ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին «ոչ մի արտառոց տեղաշարժ» չի նկատվում: «EUMA-ն ամբողջ օրը հսկել է հայ-ադրբեջանական սահմանը: Ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել։  EUMA-ն բոլորին մաղթում է խաղաղ Զատիկ»,-ասվում է առաքելության հայտարարության տեքստում:

Հայաստանում ԵՄ առաքելության հայտարարությանն արձագանքել է Վրաստանի և Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հաճելի է Հայաստանում ԵՄ առաքելությունից հաստատում ստանալ, որ զինվորականների ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել։  Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և կառուցել վստահություն: Մենք առաջվա պես բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար», – գրել է Կլաարը X-ի իր միկրոբլոգում ՝ կիսվելով առաքելության գրառմամբ։

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, զորքերի կամ հրետանու ոչ մի արտառոց տեղաշարժ չկա՝ չնայած այդ հայտարարություններին։ Մենք զգուշացնում ենք՝ զերծ մնալ սահմանին հռետորաբանության և ռազմական գործողությունների սրացումից։  Մենք շարունակում ենք կոչ անել տարածաշրջանում պայմաններ ստեղծել արդար եւ արժանապատիվ խաղաղության համար՝ հարգելով բոլոր մարդկանց իրավունքները», – ընդգծել է դիվանագետը։

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Հղում անելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տվյալներին՝ Տոյվո Կլաարը հստակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չի նկատվում։  Բորել, դուք պետք է շտապ հանդես գաք ԵՄ-ի անունից և վերահաստատեք ձեր հատուկ ներկայացուցչի հայտարարությունը՝ Հայաստանը ագրեսոր չէ և չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա», – նշել է Պետելը։

Այսպիսով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները փաստացի առաջին անգամ օպերատիվ արձագանքեցին սահմանին հայկական զորքերի կուտակման մասին Ադրբեջանի ՊՆ կեղծ հայտարարություններին և առաջին անգամ դատապարտեցին Ադրբեջանին, զգուշացրեցին, որ հենց Ալիևն է սրում իրավիճակը, պատերազմի նախադրյալներ ստեղծում և պատրաստվում պատերազմի։ Նրանք առաջին անգամ նշել են, որ Ադրբեջանը պետք է խուսափի երկու երկրների սահմանին լարվածության աճից, ինչպես նաև հասկացրել են Ադրբեջանին, որ էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից:

Ինչու ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման նախօրեին Ադրբեջանը որոշեց սրել իրավիճակը սահմանին։ Ադրբեջանը որոշել է տեղեկատվական հող նախապատրաստել ապատեղեկատվություն տարածելու միջոցով հնարավոր հարձակման համար։  Այդ երկրի ՊՆ-ն իր հայտարարության մեջ առաջին անգամ օգտագործել է նոր ռազմական տերմինաբանություն՝ հայտարարելով, որ Հայաստանը նախապատրաստում է «հարձակողական հենակետեր» Ադրբեջանի հետ սահմանին: Հետաքրքիր է՝ որտեղ է Ադրբեջանը տեսել «հարձակողական բնույթի հենակետեր»։

Ի դեպ, ադրբեջանական բանակն իրականացնում է զորքի համալրում։  Ինչպես ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 30 տարեկան զինապարտները կարող են դիմել ընդունող հանձնաժողովներին մարտի 27-ից ապրիլի 26-ը: Իսկ Գյանջայի օդանավակայանում իրականացվել են անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների տեղակայման համար նախատեսված նոր անգարների կառուցման աշխատանքներ, Եվլախի ավիաբազայում կտրուկ ավելացվել է Ան-2 ինքնաթիռների քանակը:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութը, թե իբր հայկական զինտեխնիկան կենտրոնացել է Ադրբեջանի հետ սահմանին, հերթական փորձն է՝ ճնշում գործադրել Երևանի վրա՝ Սյունիքի մարզից միջանցք ստանալու կամ Տավուշի մարզի չորս գյուղերի անհապաղ վերադարձին հասնելու համար: Հավանաբար, Բաքվի բարձրացրած տեղեկատվական աղմուկը կարող է նախապատրաստություն լինել սահմանին հերթական ռազմական էսկալացիան հրահրելու համար։   Բաքուն Ռուսաստանից աջակցություն է փնտրում և ամեն ինչ անելու է հանդիպման ընթացքը խափանելու և տարածաշրջանում Արևմուտքի հեղինակությունը խարխլելու համար: Ադրբեջանը տպավորություն է ստեղծում, որ Ռուսաստանը նույնպես կարող է շահագրգռված լինել Հարավային Կովկասում նոր էսկալացիայով։  Այժմ հարցն այն է, թե Արևմուտքն ինչպիսի ճշգրտությամբ ու հաստատակամությամբ կարող է գործել Հարավային Կովկասում՝ նոր սադրանքներից խուսափելու համար,  որոնք կարող են ոչ միայն զոհերի պատճառ դառնալ, այլև լուրջ վնաս հասցնել Արևմուտքի հեղինակությանը:

 

Զաբելա  Ավագյան

Նորություններ