Ծիրան չկա, դեղձն էժան է, սալորը չի վաճառվում․ ինչո՞ւ է արմավիրցի այգեգործը հայտնվել անորոշության մեջ | Region

Ծիրան չկա, դեղձն էժան է, սալորը չի վաճառվում․ ինչո՞ւ է արմավիրցի այգեգործը հայտնվել անորոշության մեջ

Օգոստոս 29,2026 18:00

Արմավիրի մարզի գյուղատնտեսներն այս տարի զգալի վնասներ են կրել։ Տուժել են հատկապես ծիրան մշակող այգետերերը։ Եթե դեղձենիները բերք տվել են, ու մարդիկ թեկուզ ցածր գնով կարող են վաճառել, ապա ծիրանի համար տարին, մեղմ ասած, անբարենպաստ էր։

Ըստ Հուշակերտի վարչական ղեկավարի գրասենյակի առաջատար մասնագետ Դավիթ Դավթյանի՝  ծիրանի արտադրության թվերը շատ  խոսուն են․ եթե նախորդ տարիներին հուշակերտցիները 400 տոննա ծիրան են արտադրել, ապա այս տարի 100 անգամ պակաս՝ ընդամենը 4 տոննա։

Գյուղի բնակիչ Սուրեն Ավետիսյանը ևս անելանելի վիճակում է հայտնվել։ Նրա հույսը սալորի իրացումից ակնկալվող եկամուտն էր, սակայն այդ մրգատեսակն արժանացել է դեղձի ճակատագրին։ Եթե նախորդ տարիներին, նախապես բանակցելով, այգուց միանգամից վաճառում էր, ապա այս տարի որևէ դիմող չկա։

Հուշակերտում հողագործությամբ զբաղվողների թիվը նվազել է․ գյուղատնտեսի ծախսերն ու եկամուտն անհամաչափ են․ թանկ է ամեն ինչ՝ դեղորայքը, վառելիքը, ջրի ու տեխնիկայի վարձը։

Արմավիրի մարզում բերքի իրացման հետ կապված անորոշությունը լուրջ խնդիր է դարձել նաև չրագործների համար։ Արտահանման հետ կապված դժվարությունների պատճառով չրանոցների սեփականատերերը զգուշանում են մեծ ծավալներով բերք մթերելուց։

Այսպիսի անորոշության մեջ էլ ապրում են այս տարածաշրջանի մարդիկ՝ ամեն օր հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ։ Նրանց կյանքի ռիթմը կախված է մի կողմից բնության քմահաճույքներից, մյուս կողմից՝ քաղաքական զարգացումներից։

Նորություններ