«ՀՀ իշխանությունը խոսում է խաղաղության մասին, սակայն Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով ծաղրանքով են խոսում»․ Իսկանդարյան
Այսօր լրանում է Արցախի բռնի հայաթափման 3-րդ տարին, ինչի կապակցությամբ սգո երթ ու հարգանքի տուրք մատուցվեց «Եռաբլուրում»։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց՝ 3 տարի առաջ այս օրն արցախահայությունը ենթարկվեց ադրբեջանական ագրեսիայի, ունեցանք կորուստներ, պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։
«Բայց յուրաքանչյուրը հավատ ու հույս է պահում, որ վերադառնալու են իրենց օջախները»,-ասաց Իսկանդարյանը։
Նրա ներկայացմամբ՝ այս տարիներին արցախցիների մի մասը լքել է Հայաստանը, մի մասը կարողացել է տնավորվել, մյուսները սոցիալական ծանր վիճակում են։ Արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար Իսկանդարյանը հանդիպել է որոշ քաղաքական ուժերի հետ՝ ՀՀԿ-ի և Հայաքվեի, առաջիկայում նախատեսվում է հանդիպում «Ուժեղ Հայաստանի» հետ։
«2026-ի ընտրություններից հետո կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է հայտնեն իրենց դիրքորոշումն Արցախի մասին, նաև՝ պետական ինստիտուտների գործունեության մասին։ Մենք պետք է հենվենք քաղաքական ուժերի վրա, Արցախի հարցը ոչ միայն Արցախի իշխանություններինն է, այլև համայն հայության խնդիրը»,-ասաց Իսկանդարյանը։
Նրա ներկայացմամբ՝ արցախցիների իրավունքի հարցը պետք է միշտ օրակարգում պահել, հնարավորության դեպքում նաև դա օգտագործել, որը բխում է նաև ՀՀ անվտանգային շահերից։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարություններին՝ նա նշեց․ «Երբ ՀՀ իշխանավորները խոսում են խաղաղության մասին, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով ծաղրանքով են խոսում, դա փաստում է մեկ բան՝ խաղաղություն չի կարող երկարատև լինել, ինչը բերելու է միակողմանի զիջումների»։
Իսկանդարյանի խոսքով՝ երեք տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում․«Բազմաթիվ անգամներ ՀՀ կառավարությանը կոչ ենք արել հարցը օրակարգում պահել, փորձել բոլոր լծակներն օգտագործել, որ օր առաջ ազատ արձակվեն։ Սա նաև ցուցիչ է Ադրբեջանի վարած քաղաքականության, որ նրանք խաղաղության չեն գնալու։ Վստահեցնում եմ՝ աշխարհաքաղաքական կարգն արագ է փոխվում․ ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, սա թող չընդունվի՝ որպես պատերազմի կոչ, միևնույն ժամանակ տեսնում ենք նրանց քայլերը։ Խոսակցություններ կան տարբեր լրատվական աղբյուրներից՝ այդ թվում եվրոպական, որ այս պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է կատարվում»։
