Երբ անզոր են անսովոր ցուրտն ու դժվարությունները․ ի՞նչն է հեռավոր Դարիկի միակ ընտանիքին կապում հողին | Region

Երբ անզոր են անսովոր ցուրտն ու դժվարությունները․ ի՞նչն է հեռավոր Դարիկի միակ ընտանիքին կապում հողին

Սեպտեմբեր 21,2026 18:00

Ամասիա համայնքի Դարիկ գյուղում, ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, 1990 թ․-ից սկսած մի ընտանիքի հետաքրքիր պատմություն է գրվում։

Տարիների ընթացքում, տանտիրուհի Իրինա Թադևոսյանի խոսքով, այստեղ շատ երեխաներ են ծնվել, շատերի համար Դարիկը դարձել է հուսալի ժամանակավոր ապաստան՝ տալով հնարավորություն գոյատևելու և հաղթահարելու ծանր 1990-ականները։

«Մենք անսահման սիրում ենք մեր Հայաստանը, գիտենք այս տարածաշրջանի ամեն մի քարը, ամեն մի թուփն ու ամեն մի միլիմետրը: Մեր հողից բխում է ավելի քան 20 զուլալ աղբյուր, այստեղ վեր է խոյանում մեր հնագույն Վիշապաքարը՝ այս լեռների լուռ պահապանը»,- Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց տիկին Իրինան:

Երբ 1990 թ․-ին Իրինա Թադևոսյանը, ամուսնու և որդիների հետ տեղափոխվեց Դարիկ, հասկացան, որ հենց այստեղ է գրվելու իրենց ընտանիքի պատմության շարունակությունը։

Գյուղի միակ տնտեսությունում բուծում են հայկական կիսակոպտաբուրդ ցեղատեսակի ոչխարներ։ Աշխատանքի գրեթե ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկած է ընտանիքի կրտսեր անդամի՝ Վահագնի ուսերին։

Նաև հայկական վեհաշուք գամփռներ են բուծում, որոնց նվիրվածությունը սահմաններ չունի, և եզակի Վանա կատուներ, որոնք դարձել են նրանց տան հոգին։

Ձմեռն այստեղ երկարատև է, ջերմաստիճանը երբեմն -47-ի է հասնում: «Բայց բնությունը մեզ ուժ է տալիս»,-ասում է Իրինա Թադևոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ